06/11/2018 12:19
Վալերի Օսիպյանը կիսում է զոհվածների հարազատների կարծիքը «Սասնա ծռերին» համաներումով ազատելու վերաբերյալ. «Մենք կորցրել ենք մեր լավագույններին»
Որպես իրավապահ համակարգի ներկայացուցիչ՝ կարծում եմ, որ յուրաքանչյուր հանցանք կատարած անձ պետք է պատասխան տա օրենքի առջև, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը։
Հարցին՝ այդ դեպքում դե՞մ է համաներմանը, քանի որ դրան դեմ են արտահայտվել, օրինակ «Սասնա ծռերի» կողմից ՊՊԾ գնդի գրավման ժամանակ զոհվածների հարազատները, ոստիկանապետը պատասխանեց.
«Ես կիսում եմ զոհվածների հարազատների մտահոգությունը, նրանց կարծիքը։ Մենք կորցրել ենք ընկերներ, մեր լավագույններին ու այս պահի դրությամբ համաներման տեքստում նշված է, որ թե′ պատանդների կարծքիը, թե′ զոհվածների հարազատների պետք է հաշվի առնել», - ասաց Վալերի Օսիպյանը՝ հիշեցնելով, որ ինքն էլ այդ դեպքերի ժամանակ պատանդ է եղել ու իր կարծիքն էլ պետք է հաշվի առնել։
Լրագրողների դիտարկմանը, որ «Սասնա ծռերից» Պավլիկ Մանուկյանը պնդում է, որ Վալերի Օսիպյանն այդ օրերին պատանդ չի եղել, պարզապես մնացել է ներսում իրենց հետ, ոստիկանապետն արձագանքեց.
«Էլ բան ու գործ չունե՞ի, 7-8 օր մնացել եմ էնտեղ՝ գործերս թողած»։
Նա նշեց, որ համաներման վերաբերյալ իր կարծիքն արտահայտել է Կառավարության դռնփակ նիստի ժամանակ։
«Ես բավարարված եմ համաներման տեքստով», - ասաց Վալերի Օսիպյանը:
«Միանշանակ ռիսկեր կան, որ համաներումից հետո մենք կունենանք կրկնահանցագործություններ, բայց ես ողջունում եմ համաներումը, դա մարդասիրական մոտեցում է։ Չեմ բացառում նաև, որ շատերն ուղղվել են», - ամփոփեց ոստիկանապետը։