06/11/2018 10:08
Կրակոցներ Երևանում. 19-ամյա երիտասարդը տեղափոխվել է հիվանդանոց
Նոյեմբերի 5-ին կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 23։40-ի սահմաններում ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Տիգրանյան փողոցի շենքերից մեկի բակում կրակոցներ են հնչել և կա վիրավոր։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայրից Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոն է տեղափոխվել Ն. Տիգրանյան փողոցի 21 շենքի բնակիչ՝ 19-ամյա Սուրեն Թադևոսյանը՝ հրազենային վնասվածքներով, որտեղ բժիշկներն առաջին բուժօգնությունը ցուցաբերելուց հետո նրան տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Ոստիկաններն ու քննիչները շենքի բակում հայտնաբերել են «Մակարով» տիպի ատրճանակից արձակված 10 պարկուճ, 4 գնդակ և 3 գնդակի բեկոր։ Հայտնաբերվել է նաև Nissan մակնիշի 34 ՏN 738 համարանիշի ավտոմեքենան, որի վրա կա կրակոցի հետք, ասֆալտի մի քանի հատվածներում էլ հայտնաբերվել են արնանման հետքեր։
Հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 34-104 հոդվածի (սպանության փորձ) և 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչներն արդեն ունեն մոտավոր մասնակիցների ցանկը։ Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենա, որը, ֆոտոլրագրողի տեղեկություններով, պատկանում է հիվանդանոց տեղափոխվածին։