06/11/2018 15:50
Տղե՛րք, էդ հողը վերցրել եք, մի բան արեք, արդեն համը դուրս է եկել. Արթուր Մեսչյանը՝ կառուցապատողներին
Երևան քաղաքի սահմաններում ահռելի քանակով շինհրապարակներ կան, ու եկել է ժամանակը, որ բոլոր սեփականատերերի առջև դրվի խնդիր՝ տղե՛րք, էդ հողը վերցրել եք, մի բան արեք, լրագրողների հետ այսօր տեղի ունեցած հանդիպման ընթացքում հայտարարեց մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը:
«Եթե ոչ, ուրեմն մենք պետք է գտնենք ճանապարհներ, այդ հողատարածքները տանք այն կառուցապատողներին, որոնք կկարողանան այդտեղ, ի վերջո, շինարարարական աշխատանքներ կատարել, ու մենք վերջապես այդ փոշուց դուրս կգանք: Արդեն համը դուրս է եկել», - նշեց նա:
Անդրադառնալով նախկին Երիտասարդական պալատի շենքի տարածքին, կամ, ինչպես հանրությունն է սիրում ասել՝ Կուկուռուզնիկին, Արթուր Մեսչյանը նկատեց՝ հարցը բավական լուրջ է:
«Գիտեմ սեփականատիրոջը, 2-3 տարի առաջ բոլորովին այլ թեմայով հանդիպել եմ իրեն… Գիտեք, ծրագրեր կան, որոնց պատճառով հա՛մ ճարտարապետն է ընկնում վատ վիճակի մեջ, հա՛մ սեփականատերը, հա՛մ էլ քաղաքը: Որովհետև ինչ-որ շինարարարական ծրագիր իրագործելու սկզբնական տրամաբանական լուծումներ չկան: Երիտասարդական պալատի սեփականատերը մրցույթ հայտարարեց, որը հաղթեց ճապոնացի ճարտարապետ: Ու նրա նախագիծն այնպես էր արված, որ միայն մեկ՝ բնակելի բլոկի շինարարությունը 260 միլիոն դոլար էր: Ամբողջ կոմպլեքսն արժեր կես միլիարդ: Ես կառուցապատողին հարցրեցի՝ այդքան փող ունե՞ս, ասաց ոչ, բայց կգտնեմ ինվեստրներ… Բնականաբար, նման գումար ներդնող գտնելը գրեթե անհնար է», - նկատեց ճարտարապետը:
Ըստ գլխավոր ճարտարապետի՝ սխալն այնտեղից է եկել, որ մրցույթի առաջադրանքի մեջ տրամաբանական խնդիրներ չէին դրվել: Արվել է երազային մի մրցույթ, որը նման գին էլ պետք է ունենար:
«Ես շատ անհանգիստ եմ, սպասում եմ, որ սեփականատերը գա Երևան: Ցանկանում եմ իր հետ հանդիպել», - ասաց նա:
Մայրաքաղաքի ճարտարապետական տեսքի պատասխանատուն ընդգծում է՝ չպետք է ուշադրությունը սևեռել միայն կենտրոնի վրա, պետք է հնարավորին չափով շինարարական ծրագրերը կենտրոնից դուրս հանել:
«Մի քանի օր առաջ քաղաքապետի մոտ կառուցապատողներ էին եկել, որոնց հողատարածք առաջարկեցի Սարի թաղում: Ասել եմ՝ գնեք այնտեղ հողատարածք, բնակարաններ կառուցեք, եկեք ինձ մոտ, ես ձեզ 120 հարկի թույլտվություն էլ կտամ: Կարծեք, թե այդ տենդենցն արդեն կա», - ընդգծեց Ա. Մեսչյանը: