06/11/2018 19:00
Ամուսինս հայ է, ավելին՝ հայաստանցի. Էմմիի հիշողություններն ու խոստովանություննները
Օրերս Հայաստանում էր վերջին տարիներին ԱՄՆ-ում բնակվող երգչուհի Էմմին: Երգչուհու՝ Հայաստան այցելության հիմնական պատճառը մայրիկի՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Նադեժդա Սարգսյանի ծննդյան օրն էր:
Aysor.am-ը Էմմիի հետ զրուցել է ոչ միայն Հայաստան այցելության, այլև՝ գործունեության, ընտանիքի, երկու փոքրիկների ու ամուսնու մասին:
Ես ինձ հաստատ չէի ների, եթե…
Թեկուզ մայրս շուրջ 4 ամիս է՝ ֆիզիկապես մեզ հետ չէ, բայց ես գիտեի, որ նրա ընկերները, մտերիմներն իր ծննդյան օրը հիշելու են: Ես ինձ հաստատ չէի ների, եթե ինքս այդ օրերին այստեղ չլինեի: Նաև, ես մայրիկիս երազանքներից մեկն իրականացրեցի: Ճիշտ է, սովորաբար իմ ծնողներն են իմ երազանքներն իրականացրել, բայց հիմա արդեն իմ հերթն է: Նույնիսկ, եթե չիրականացնեմ, ապա գոնե պարտավոր եմ պահպանել այն, ինչ իրենք ստեղծել են:
Նվերը՝ մայրիկի հիշատակին
Այս տարի մայրիկիս ծննդյան կապակցությամբ «Դո ռե մի» դպրոցի համար, որի ղեկավարն արդեն ես եմ, ԱՄՆ-ից վոկալի պրոֆեսիոնալ ուսուցիչ եմ հրավիրել: Մեր դպրոցում երեխաները ոչ միայն կսովորեն բեմական խոսք ու վոկալ, այլև կտիրապետեն երաժշտական տարբեր գործիքների: Տնային աշխատանքները միայնակ կատարելու հարցում դժվարություններ ունեցող երեխաների համար էլ ունենք դասապատրաստման ժամեր, որոնց ընթացքում ռուսերենի, անգլերենի և հայերենի հրաշալի մասնագետներ կպարապեն երեխաների հետ: Այսկերպ, մայրիկների հոգսը մի քիչ թեթևացրել ենք, երեխաներն էլ չեն մտածի, որ վոկալի դասերից հետո իրենց տնային աշխատանքները չեն հասցնելու: Ինչ վերաբերում է հեռվից դպրոցի կառավարմանը, ապա դա խնդիր չի: Այսօր աշխարհում մարդիկ հսկա ընկերություններ են կառավարում՝ գտնվելով այլ երկրներում: Ես էլ ունեմ իմ վստահելի մարդը մեր դպրոցում. գործադիր տնօրենն է, ով մայրիկիս դպրոցն անցած անձնավորություն է ու գիտի, թե մեր ընտանիքի համար «Դո ռե մի»-ն որքան կարևոր է: Ի դեպ, նա մորեղբորս աղջիկն է, ու ամեն ինչ կանի, որ իր հորաքրոջ ազգանունը բարձր պահի: Չէ՞ որ, ի տարբերություն ինձ, հենց ինքն է կրում մայրիկիս ազգանունը (ժպտում է՝ հեղ.):
Խաբում, ինչ-որ բան էի հորինում, որպեսզի տանից դուրս գան
Ծնողներս առհասարակ չեն սիրել իրենց ծնունդները մեծ նշել, իրենք իրենց նկատմամբ ավելի զուսպ են եղել, ի հակադրություն նրա, որ ինձ համար պատրաստ էին ամեն ինչի: Սովորաբար, ես եմ իրենց ծնունդները կազմակերպել, ու միշտ անակնկալներ եմ արել: Խաբում, ինչ-որ բան էի հորինում, որպեսզի տանից դուրս գան՝ հայտնվելով այնտեղ, որտեղ կազմակերպել եմ իրենց տոնը: Գուցե տարիների ընթացքում արդեն հասկացել էին, որ այդ օրերին անակնկալ եմ անելու, բայց միևնույն է՝ ամեն անգամ ուրախանում էին՝ ինչպես առաջին անգամ:
Իմացիր, որ չպետք է նույնկերպ պատասխանես, քանի որ դու այլ ես
Մեր ընտանիքում միշտ երեքս ենք եղել՝ հայրս, մայրս, ես: Միմյանց հետ շատ կապված էիք, կիսվում էինք ամեն ինչի մասին, քննարկում ցանկացած թեմա: Նման մտերմություն հազվադեպ է պատահում: Գիտեք, չեմ կարող որևէ խորհուրդ առանձնացնել, քանի որ երբեք չեն նստել ու ասել՝ այսինչ բանն այսկերպ արա: Դա դասախոսության նման չի եղել: Ուղղակի մեր անընդհատ խոսակցությունների մեջ ամեն ինչ ուսուցողական էր ինձ համար: Միակ բանը, որ ծնողս ինձ միշտ ասում էր, այս էր՝ աշխարհում ով էլ քեզ ինչ ասի, վիրավորվիր, իմացիր, որ չպետք է նույնկերպ պատասխանես, քանի որ դու այլ ես:
Ինչպե՞ս է կարողանում չչարանալ, այդ մարդկանց ներել ու ընդունել
Իմ ու մայրիկիս զրույցները մեծամասամբ կապված էին երաժշտության հետ: Իր վերջին աշխատանքներից մեկը մանկական «Եվրատեսիլ»-ի շրջանակներում մի երեխայի հետ էր, ով պետք է մասնակցեր նախընտրական փուլին: Անընդհատ ռիթմի մեջ էր, մտածում էր՝ ինքը պետք է բեմադրի, կազմակերպի և այլն: Մինչև իր կյանքի վերջին վայրկյանը երաժշտության մեջ է եղել, աշխատել իր սաների համար… Գիտեք, մարդն էգոիստ է ծնվում, բայց այս կինը զարմանալիորեն երբևիցե ջանք չի խնայել հանուն ուրիշի: Ապրել է այլ երեխաներին ուրախացնելու ու նրանց երազանքներն իրականացնելու համար: Իրեն թիկունքից շատերն էին հարվածում, ու ես միշտ հարցնում էի՝ ինչպե՞ս է կարողանում չչարանալ, այդ մարդկանց ներել ու ընդունել: Նա միշտ ասում էր, որ հայրս իրեն սովորեցրել է ընկերներին, հարազատներին ընդունել այնպիսին, ինչպիսին կան:
Ծնողների բացասական սովորույթները, որոնց հետ դուստրը մշտապես պայքարի մեջ էր
Օրինակ՝ ծխելը իմ ու ծնողներիս «պատերազմի» հավետ թեման է եղել: Ծնողներս, նրանց ընկերները, մտերիմները ծխել են ու ծխում են՝ անկախ առողջապահության նախարարության բազմաթիվ զգուշացումների: Չէ՞ որ ծխախոտը կարող է մահվան, թեկուզ չնչին, բայց պատճառ դառնալ:
Կյանքը փոխվել է
Ծնողներիս բացակայությունից կյանքը շատ է փոխվել: Թեև ինձ տեսնելիս բոլորն էլ միշտ գրկում են, համբուրում, ասում, որ գիտեն, թե ինչ ուժեղ մարդ եմ ես, բայց դա ոչինչ չի փոխում: Հասկանում եմ՝ մարդիկ ինձ բարին են ցանկանում, փորձում են սփոփել, բայց հավատացեք՝ նման իրավիճակներում ուժեղ լինել-չլինելն ընդհանրապես կապ չունի, այն ոչնչով չի օգնում: Մարդը ռոբոտ չի, մենք ունենք սիրտ, զգացմունքեր, հիշողություն: Անհնար է այնքան ուժ ունենաս, որ դրա միջոցով թեթև տանես ծնողի կորուստը:
Դանին շատ էր սիրում մայրիկիս պատրաստած կոտլետները
Ափսոսում եմ, որ կրտսեր որդիս շատ փոքր էր ու դժվար թե որևէ բան հիշի մայրիկիցս, բայց այ ավագ որդիս՝ Դանին, հաճախ է հիշում տատիկին: Օրինակ, տանը գտնելով մամայիս օծանելիքն, անմիջապես վերցնում ու ասում է՝ տատայինն է, արի գնանք տատայի մոտ: Հեռախոսիս մեջ նայում է նկարներն ու ասում՝ տատան շա՜տ սիրուն ա, արի գնանք իր մոտ: Դանին շատ էր սիրում մայրիկիս պատրաստած կոտլետները, ինձ միշտ ասում է՝ տատայի ճաշիկ սարքի (ժպտում է՝ հեղ.)… Չգիտեմ՝ հետագայում կհիշի տատիկին, թե ոչ, բայց հիմա հիշողության մեջ շատ բաներ կան, որն արտահայտում է:
Մեր տունն ու ծնողներիս անձնական իրերը մշտապես իրենց տեղում են
Երևանի իմ տունն իմ հայրն ու մայրն է, այն հավերժ կմնա իմ ամենակարևոր անկյունը Հայաստանի մայրաքաղաքում: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, թե ես ինչքան եմ սիրում Երևանը, չեմ պատկերացնում ինձ առանց այս քաղաքի: Ի վերջո, սա իմ պատմությունն է, իմ կենսագրության կարևոր հատվածը:
Փոքրիկիս վստահել եմ ամուսնուս ընտանիքին
Երևան մեծ տղայիս հետ եմ եկել, փոքրը պապայի մոտ է, նրան վստահել եմ հայրիկին, տատիկին, պապիկին ու հորեղբորը (ծիծաղում է՝ հեղ.):
Ամուսինս հայ է, ավելին՝ հայաստանցի…
Մեր ընտանիքում, բնականաբար, հայերեն ենք խոսում: Բայց տղաներս դաստիարակվում են նաև ռուսական միջավայրում. երբ Հայաստանում ենք լինում, մեր ընտանիքի շատ մտերիմ ընկերուհի, ով ռուսերենի ուսուցչուհի է, հաճախ է փոքրիկներիս հետ զբոսանքի գնում: Նրանց հետ ռուսերեն է խոսում, որպեսզի այդ լեզվին ևս տիրապետեն: Անգլերենն արդեն դպրոցը կսովորեցնի, մեկտեղ՝ ևս մեկ լեզու իրենց ընտրությամբ դպրոցում կսովորեն:
Ամուսինս հեռու լինելով այս բնագավառից՝ չի սիրում լինել ուշադրության կենտրոնում
Ոմանց թվում է, թե սա սնահավատություն է: Բայց ես մեծացել եմ քրիստոնյա ընտանիքում, որտեղ հավատքը միշտ մեծ դեր է ունեցել: Երբեք չեմ հավատացել սնահավատությանը, աչքին ու նման այլ բաներին: Նավսին, թուղթուգրին ու այդ կարգի բաներին հավատալն ինձ համար աննորմալ երևույթներ են: Իմ ընտանիքի լուսանկարները չհրապարակելու միակ պատճառն այն է, որ ամուսինս հեռու լինելով այս բնագավառից՝ չի սիրում լինել ուշադրության կենտրոնում: Ես էլ հարգում եմ նրա որոշումը…
Նա երբեք արգելք չի հանդիսանում իմ բեմական գործունեությանը
Իմ երկու հղիությունների ժամանակ էլ բեմ եմ բարձրացել, երբեք որևէ խոչընդոտ չի առաջացրել: Ներկայիս որոշակի պասիվությունը պայմանավորված է իմ ընտրությամբ, ես ուզում եմ տեսնել իմ երեխաների ցանկացած առաջին քայլը՝ լինի խոսելու, քայլելու, թե մեկ այլ պարագայում: Հիմա, երբ երկուսն էլ արդեն դպրոց են գնում, սկսել եմ իմ մասնագիտությանն ուշադրություն դարձնել: Կվերադառնամ իմ աշխատանքին…