06/11/2018 13:04
Նարեկ Սարգսյանի դեմ մեծ լարվածությունը սկսվեց Հյուսիսային պողոտայի կառուցումից, այնինչ, այն հիմա դարձել է Երևանի սիրված վայրերից մեկը. Մեսչյան
Ես չէի ցանկանա որպես քննադատ խոսել Նարեկ Սարգսյանի՝ Երևանի գլխավոր ճարտարապետ եղած լինելու մասին, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, պատասխանելով հարցին, թե արդյոք նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի կառավարման տարիներին է Հին Երևանը կորցրել իր դիմագիծը, պատասխանեց ներկայիս գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը:
«Մի հետաքրքիր բան ասեմ. հաճախ եմ լսում, որ բոլորը բողոքում են Հյուսիսային պողոտայից, բայց այդ բողոքողների 90 տոկոսը երեկոյան քայլում է այդ փողոցում: Եկեք ազնիվ լինենք՝ Հյուսիսային պողոտան այսօր դարձել է Երևանի ամենասիրված վայրերից մեկը: Այնինչ, Նարեկ Սարգսյանի դեմ առաջին մեծ լարվածությունը սկսվել է այս պողոտայի կառուցումից: Հանրության բողոքը հասկանալի կլիներ, եթե հիմա այդ փողոցում ոչ ոք չքայլեր », - նկատեց Արթուր Մեսչյանը:
Ճարտարապետը հիշեց իր նախորդ կառավարման տարիները:
«Երբ ես կարճ ժամանակով դարձա Երևանի գլխավոր ճարտարապետ, հրահանգ տրվեց այժմյան Հյուսիսային պողոտայի բոլոր հողատարածքները՝ այդ թվում տները, վաճառել: Այդ գործընթացը սկսվել էր, բայց ես այն կանգնեցրեցի: Այն ժամանակվա քաղաքապետ Վանո Սիրադեղյանին ասացի՝ չի կարելի քաղաքի կենտրոնում ամենակարևոր ստրատեգիական գիծը առանց նախագծի, առանց բիզնես պլանի դնել աճուրդի և հողատարածքներ վաճառել: Եթե հիշում եք, այդ ժամանակ Աբովյան փողոցի վրա կազինոներ էին, որոնցից յուրաքանչյուրն իր լայնքով հայտնվել էր Հյուսիսային պողոտայի առանցքում: Միակ բանն, ինչ կարողացա անել իմ կարճաժամկետ պաշտոնավարման ընթացքում, այդ հողատարածքների վաճառքի կասեցումն էր: Նարեկ Սարգսյանը կարողացավ կազմավորել այն բիզնես պլանը, հավաքել կառուցապատողների այն ցանկը, որոնց շնորհիվ կառուցվեց այդ փողոցը: Ի դեպ, դա շատ բարդ գործ է: Հիմա մեկը կհավանի այդ ճարտարապետությունը, մյուսը՝ ոչ, դա այլ հարց է, բայց ոչ ոք չի կարող հերքել, որ այդ պողոտան այսօր ամենամարդաշատն է», - նկատեց նա:
Արթուր Մեսչյանն ընդգծեց՝ ինքն առաջին գլխավոր ճարտարապետն է, ով որևէ նախագիծ Երևանի սահմաններում չի անելու, քանի որ դա բերում է բարդությունների:
«Եթե գլխավոր ճարտարապետը ցանկություն ունի զբաղվել ճարտարապետությամբ, ապա կարող է անել այնպիսի հսկայածավալ նախագծեր, որը ոչ ոք չի կարող անել: Ներեցեք, բայց ամեն ինչ իր ձեռքում է, ինքն է որոշում: Ու որպեսզի վերանա այս խոսակցությունը, հայտարարում եմ՝ ոչ մի նախագծային աշխատանք մայրաքաղաքում չեմ ձեռնարկելու: Այսկերպ ուզում եմ նաև ազնիվ լինել իմ կոլեգաների՝ ճարտարապետների առջև, ովքեր կիմանան, որ չեմ չարաշահելու սեփական հնարավորություններս», - տեղեկացրեց Երևանի գլխավոր ճարտարապետը: