06/11/2018 14:18
Մեր քաղաքի 43 տոկոսը «ասբոշիֆերի» տակ է, հետո էլ բողոքում ենք, որ հանրապետությունում քաղցկեղի տոկոսը մեծ է. Երևանի գլխավոր ճարտարապետ
Ամենաթունավոր նյութը ասբոշիֆերն է, իսկ դուք գիտե՞ք, որ մեր քաղաքի 43 տոկոսը ասբոշիֆերի տակ է, անդրադառնալով շենքերի տանիքներին կատարված կառուցապատումներին՝ այսօր լրագրողների հետ, որպես Երևանի գլխավոր ճարտարապետ, իր առաջին հանդիպման ժամանակ նշեց Արթուր Մեսչյանը:
«Հետո էլ բողոքում ենք, որ մեր հանրապետությունում քաղցկեղի տոկոսը, այլ վտանգավոր հիվանդությունները շատ են: Որևիցե երկրում, երբ մի կտոր ասբեստ են գտնում, հատուկ ծառայությունից մարդ են կանչում, ով հատուկ շորերով է գալիս, պաշտպանված՝ դիմակով, հեռու տեղ են տանում… Մի հատ բարձրացեք Մոնումենտից նայեք, թե ի՞նչ է կատարվում: Դուք կարծում եք, որ քաղաքապետարանը երբևիցե կունենա՞ այնպիսի բյուջե, որպեսզի մեր 5-րդ ճակատները (տանիքներ) փոփոխի: Հնարավոր բան չէ», -նշեց Մեսչյանը:
Հարցի լուծումը գլխավոր ճարտարապետը փնտրում է նոր բիզնես պլանի մեջ, ըստ որի, տանիքները պետք է միավորվեն ու դառնան ճարտարապետական մեկ էլեմենտ:
Մայրաքաղաքի շենքերի կարևոր խնդիրներից են նաև անբարեկարգ վերելակները: Արթուր Մեսչյանը չի թաքցնում ու բարձրաձայնում է՝ դա սարսափելի ծախսատար խնդիր է:
«Սակայն լուծում ունի. օրինակ, եթե 5-րդ ճակատը լինի որպես հողատարածք, որտեղ մարդը կցանկանա բնակարան կառուցել, ապա պետք է դա լինի պայմանով՝ լուծի այդ շենքի վերելակի խնդիրը… Մի խոսքով, խնդիրները շատ են, բայց ճարտարապետության մեջ չլուծվող հարցեր չկան, ուղղակի պետք է լինի կամք ու միասնականություն: Եթե ես զգայի, որ բոլորս նույն «գնացքի» մեջ չենք, որ քաղաքապետի, քաղաքաշինության կոմիտեի կողմից չունեմ աջակցություն, ապա այստեղ չէի նստի: Ամեն ինչ կշտկի, հնարավորություն կա», - հավատացրեց նա: