06/11/2018 16:19
Նախագահի «ախրանայի պետը» կյանքս կերավ. Մեսչյանը պատմում է, թե ինչու էր հեռացել մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետի պաշտոնից
Մինչ այսօր, գլխավոր ճարտարապետերը 100 տոկոսով կախված էին քաղաքապետի քաղաքականությունից, այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց Երևանի նորանշանակ գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը:
«Եթե քաղաքապետն ասում էր՝ էսինչ տեղում էսինչ տղուն հողահատկացում արեք, ինքն այդտեղ շենք է կառուցելու, ապա այդտեղ գլխավոր ճարտարապետն անելիք չուներ: Այն իրավասությունները, որը դուք վերագրում եք նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանին, այդքան չէր: Ուղղակի հիշեք, թե ինչ իշխանությունների և որ քաղաքապետերի ժամանակ է ինքն աշխատել: Այն ժամանակ ամեն ինչ լուծվում էր հեռախոսով», - նշեց բանախոսը:
Արթուր Մեսչյանն անդրադարձավ նաև 1997 թվականին Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնից հրաժարվելուն:
«Ես ինչո՞ւ դիմումը գրեցի ու դուրս եկա: Նախագահի «ախրանայի պետը» կյանքս կերավ բառի բուն իմաստով: Իմ կաբինետից դուրս չէր գալիս: Ասում էր՝ պիտի տաս, ասում էի՝ յա՞, իսկականի՞ց, ինչի՞ պիտի տամ, չեմ տալիս: Նա գնում բողոքում էր բոլոր ատյաններին, որտեղից ինձ զանգ էին տալիս, թե պարոն Մեսչյան, դուք գիտե՞ք՝ ում եք ասել ոչ: Ասեցի՝ ով ուզում է լինի, ի՞նչ տարբերություն, իմ գլխին Աստվածն ու իմ քաղաքն են», - բարկությամբ վերհիշեց նա:
Արթուր Մեսչյանը շեշտեց՝ գլխավոր ճարտարապետը նա է, ով իրավասություն ունի ասել՝ ո՛չ: Հակառակ դեպքում թող չաշխատի գլխավոր ճարտարապետ:
Ի դեպ, հիշեցնենք, որ 1997 թվականին ՀՀ նախագահը Լևոն Տեր-Պետրոսյանն էր։