06/11/2018 15:59
Բագրատ Նավոյանը ցանկանում է մարզադպրոց հիմնել Մարտունիում. ՀՖՖ-ն պատրաստ է աջակցել
«Ալաշկերտ» ակումբի սեփականտեր Բագրատ Նավոյանը մտադիր է զարգացնել ֆուտբոլը Մարտունիում։ Ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում «Ալաշկերտի» հիմնադիր-սեփականատեր Բագրատ Նավոյանը պատմել է Մարտունիում ֆուտբոլը զարգացնելու և մասսայականացնելու մտադրության մասին:
«Ինչպես գիտեք` ես արմատներով Մարտունուց եմ, «Ալաշկերտն» էլ նախկինում ներկայացրել է Մարտունին: Այս հանգամանքները հաշվի առնելով, մտադիր եմ զարգազնել և մասսայականացնել ֆուտբոլը իմ հարազատ քաղաքում:
Ցանկանում ենք հիմնել ֆուտբոլային մարզադպրոց, ունենալ մանկապատանեկան խմբեր: Այս թեմայով առանձնազրույց եմ ունեցել նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի հետ: ՀՖՖ-ն պատրաստ է աջակցել խաղադաշտի կառուցմանը:
Կոչ եմ անում Մարտունու քաղաքապետին և Գեղարքունիքի նորընտիր մարզպետին աջակցել «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբին այս նախաձեռնության մեջ և համապատասխան հողատարածք հատկացնել` մարզադպրոց հիմնելու համար: Մարզադպրոցի սպասարկման ամբողջ ծախսը հոգալու է «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը:
Մարզադաշտի առկայության պարագայում, հնարավոր է, որ ապագայում «Ալաշկերտն» իր տնային հանդիպումները անցկացնի Մարտունիում և մեծ ուրախություն պարգևի մարտունեցի երկրպագուներին:
Շատ շուտով կստեղծվի նաև մեր կանանց թիմը: Մանրամասների մասին կհայտնենք առաջիկայում:
Առիթից օգտվելով, կոչ եմ անում երկրպագուներին գալ մարզադաշտ և աջակցել «Ալաշկերտին» բոլոր հանդիպումներում: Միասին մենք դեռ շատ հաղթանակներ ենք ունենալու», - նշել է Բագրատ Նավոյանը: