07/11/2018 12:45
Արա Բաբլոյանն ու որդին չեն մասնակցի խորհրդարանական ընտրություններին
Հանրապետական կուսակցությունը պետք է մասնակցի դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրությունենրին, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։
Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Հանրապետականի հնարավորությունները ընտրություններում, Բաբլոյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել՝ ինչպես եմ գնահատում, բայց գիտեմ, որ Հանրապետականը ունի լուրջ մարդկային և մասնագիտական պոտենցիալ։ Կարծում եմ, որ այդ պոտենցիալը պետք է օգտագործել հետագա մեր զարգացումներում»։
Մասնավորապես, որպես օրինակ, նա մատնանշեց պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին ու հավելեց. «Մենք ի՞նչ թերություն ենք տեսնում այդ անձի կողմից, տեսնում ենք, որ նա դրական կերպար է, բանիմաց, կրթված։ Եթե ծրագրով ՀՀԿ-ն նախատեսել է գնալ բարեփոխումների և փոփոխություն իրականացնել հենց կուսակցության ներսում, ապա ինչու նման հնարավորություն չտալ»։
Դիտարկմանը՝ կարո՞ղ է կուսակցությունն ինքնամաքրվել ու վերափոխվել, ԱԺ նախագահն արձագանքեց.
«Իսկ ինչու՞ չէ։ Դուք նշեցիք Վիգեն Սարգսյանի անունը, օրինակ, իր դեպքում մենք ի՞նչ թերություն ենք տեսնում, այդ մարդը դրական կերպար ունի, կրթված է»։
Նա ասաց նաև, որ չի պատրաստվում ոչ ինքը և ոչ էլ իր որդին մասնակցել խորհրդարանական ընտրություններին։