07/11/2018 12:53
ՀԱՊԿ անդամները չեն համաձայնի, որ Հայաստանը շարունակի պահպանել գլխավոր քարտուղարի պաշտոնը. Մանոյան
ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, թե կիսում է ՀՀ պաշտպանության նախարարի մոտեցումը, որ Հայաստանի ներկայացուցիչը պետք է շարունակի պաշտոնավարել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում մինչև 2020 թ.:
«Բայց շատ վստահ չեմ, որ ՀԱՊԿ-ի մնացած անդամները համակարծիք են, հատկապես այն վերաբերմունքի պատճառով, որ մենք ցուցաբերեցինք ՀԱՊԿ-ի նկատմամբ, թեկուզ, եթե այդ չէր մեր նպատակը։ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարին ձերբակալել, դատական գործ հարուցել, մեղադրել` առանց նախապես համապատասխան քայլերն անելու, մեկնաբանվեց որպես ՀԱՊԿ-ի նկատմամբ վիրավորանք։ Կարծում եմ, դժբախտաբար, այդ մոտեցումը կշարունակվի ՀԱՊԿ անդամ մյուս երկրների կողմից և իրենք համաձայն չեն լինի, որ Հայաստանը շարունակի ունենալ գլխավոր քարտուղարի պաշտոնն այս ժամանակաշրջանում», - ասաց Կիրո Մանոյանը։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցելու մասին խոսակցություններին, Մանոյանն ասաց. «Այնքան ժամանակ, որքան Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, Ադրբեջանը չի կարող դառնալ ՀԱՊԿ անդամ»։