07/11/2018 13:27
ՀՀ քաղաքացին, անգամ ամենասուրբ ռեյտինգային թեկնածուի խաթեր, չի գնա ու չի վերցնի ՀՀԿ-ի քվեաթերթիկը. Մարուքյան
ՀՀԿ-ն չի լինելու խորհրդարանում, որ մի հատ էլ ընդդիմություն լինի, այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։
Նա ասաց, թե այս հայտարարությունն անում է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ անդամ Էդուարդ Շարմազանովին ու մյուս ՀՀԿ-ականներին սթափեցնելու համար։
«ՀՀԿ-ն ուղղակի չի լինելու խորհրդարանում։ ՀՀԿ-ն կարող է լինել արտախորհրդարանական ընդդիմություն։ Ես դրանում առողջ բան եմ տեսնում», - հայտարարեց Մարուքյանը։
Նա հորդորեց սպասել և ընտրությունների արդյունքներից հետո տեսնել, թե ով կլինի ընդդիմությունը խորհրդարանում։
«Ես իմ հաշվարկներով գիտեմ, որ ՀՀ քաղաքացին, անգամ ամենասուրբ ռեյտինգային թեկնածուի խաթեր, չի գնա և չի վերցնի ՀՀԿ-ի քվեաթերթիկը, հետևաբար Շարմազանովին ասեք, որ նախ մի հատ հայտնվեք խորհրդարանում, հետո կորոշեք՝ ընդդիմություն կլինեք, թե ոչ», - հայտարարեց Մարուքյանը։