07/11/2018 15:49
Արթուր Վանեցյանը ՖԻՖԱ-ի նախագահին հրավիրել է Հայաստան. այցը տեղի կունենա 2019 թվականին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը և ՀՖՖ առաջին փոխնախագահ, գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը, ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոյի հրավերով, մեկնել էին Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաք, հայտնում են ՀՖՖ-ից։
Նոյեմբերի 6-ին կայացել է ՖԻՖԱ-ի նախագահի և ՀՖՖ ղեկավար կազմի հանդիպումը, որի ընթացքում Արթուր Վանեցյանը և Արմեն Մելիքբեկյանը ներկայացրել են առաջիկա տարիներին Հայաստանում ֆուտբոլի զարգացման հեռանկարները: Մասնավորապես, ներկայացվել է մասսայական ֆուտբոլի խթանման նպատակով մարզային ենթակառուցվածքների զարգացման, ինչպես նաև մանկապատանեկան ֆուտբոլում իրականացվելիք ծրագրերը:
ՀՖՖ-ի կողմից ներկայացված ծրագրերն արժանացել են բարձր գնահատականի, և ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոն հայտարարել է, որ իրականություն դառնալու դեպքում դրանք կարող են օրինակելի դառնալ նաև այլ երկրների համար:
ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը Ջիանին Ինֆանտինոյին հրավիրել է Հայաստան: Նախնական պահմանավորվածության համաձայն՝ ՖԻՖԱ-ի նախագահի այցը Հայաստան տեղի կունենա 2019 թվականին: