07/11/2018 09:44
«Ժողովուրդ». Իրավապահ մյուս կառույցները չեն վստահում ՀՀ գլխավոր դատախազությանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ` չնայած ՀՀ գլխավոր դատախազությունն օրենքով սահմանված կարգով նախաքննական մարմինների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու լիազորություններ ունի, սակայն քննիչները հատկապես նախկին իշխանություններին առնչվող քրեական գործերի վերաբերյալ շատ հանգամանքներ փորձում են դատախազությանը չհայտնել, նրանցից իրենց գործողությունների պլանները գաղտնի պահել:
Տեսակետ կա, որ ՀՀ գլխավոր դատախազությանն իրավապահ մյուս կառույցները չեն վստահում, մանավանդ, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այդ պաշտոնում նշանակվել է նախկին իշխանությունների օրոք:
«Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղից, սակայն, հերքեցին այդ լուրերը. «Նման տեղեկությունների տարածումը դատախազության և նախաքննական մարմինների միջև անվստահություն սերմանելու կամ առնվազն հանրության մոտ նման իրավիճակի առկայության պատրանք ստեղծելու շարքից է: Նման բան չի կարող լինել»: