07/11/2018 18:58
Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատարը հանդիպել է Ղրղզստանի արտգործնախարարին
Նոյեմբերի 7-ին ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի, անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին մասնակցելու նպատակով Աստանայում գտնվող ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ղրղզստանի ԱԳ նախարար Չինգիզ Այդարբեկովին, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։
Զոհրաբ Մնացականյանը շնորհավորել է իր գործընկերոջը նշանակման կապակցությամբ՝ մաղթելով ամենայն հաջողություն այդ կարևոր առաքելությունում: Հայաստանի ԱԳ նախարարը վերահաստատել է հայկական կողմի պատրաստակամությունը համատեղ քայլեր ձեռնարկել համագործակցության նոր ոլորտներ և ուղիներ բացահայտելու ուղղությամբ:
Կողմերը համակարծիք էին, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման քսանհինգ տարիների ընթացքում կուտակված փորձը կայուն հիմք է տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության առավել խորացման և ընդլայնման համար՝ որպես նոր ուղղություն ընդգծելով նորարարության, բարձր տեխնոլոգիաների և ստեղծագործ կրթության ոլորտները: