07/11/2018 16:05
Նոր ներկայացման մեջ այն կյանքն է, որը ես ապրեցի և արդեն մարսել եմ. Վարդան Պետրոսյանի նոր՝ «Իմ կիսատ թողած երգը» ներկայացումը բեմ կբարձրանա ամռանը
Հոկտեմբերի 29-ին երգիչ, դերասան Հայկ Պետրոսյանը Մշակույթի նախարարության աջակցությամբ արդեն երրորդ տարին անընդմեջ բեմ բարձրացրեց «Քեզ համար, Ազնավուր» խորագիրը կրող համերգաշարը: Այն այս անգամ հիշատակի խորհուրդն ուներ՝ նվիրված էր աշխարհահռչակ շանսոնյեյի հիշատակին:
Համերգից դեռևս օրեր առաջ Aysor.am-ի հետ զրույցում երգիչը տեղեկացրել էր՝ իր իսկ առաջարկով ու խնդրանքով երեկոյի հատուկ հյուրն է լինելու հայրը՝ դերասան Վարդան Պետրոսյանը:
Եվ իսկապես, սիրված դերասանը ոչ միայն դահլիճում, այլև՝ բեմում էր, ու 5 տարվա բայացակությունից հետո սա նրա առաջին հայաստանյան բեմելն էր:
«Իմ, այսպես կոչված, մեծ վերադարձը հայաստանյան բեմ ծրագրել եմ 2019 թվականի ամռանը: Ներկայացումը կկոչվի «Իմ կիսատ թողած երգը», քանի որ կիսատ մնաց այն երգը, որը երգում էի իմ ներկայացման վերջում՝ դահլիճում, հանդիսատեսի հետ, ձեռք-ձեռքի տված, իսկ հային երգեցնելը շատ դժվար է: Նոր ներկայացման մեջ այն կյանքն է, որը ես ապրեցի և արդեն մարսել եմ», - Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի հետ զրույցի ժամանակ տեղեկացրել է Վարդան Պետրոսյանը:
Իր ձեռագրին համապատասխան՝ սիրված դերասանը կանդրադառնա վերջին իրադարձություններին, սակայն այս անգամ՝ սեփական կյանքի վերջին իրադարձություններին՝ կալանք, բանտ, որտեղ անցկացրեց շուրջ 5 տարի…
Ի դեպ, Վարդան Պետրոսյանի հայաստանյան վերջին ներկայացումը եղել է 2013 թվականին: «Ամեն երկուշաբթի»-ն առանձնանում էր իր ինքնատիպ վերջաբանով, որը միասնության, միասնականության խորհրդանիշն էր. դերասանի գլխավորությամբ ու հրահանգով հանդիսատեսը մեկ մարդու պես ձեռք-ձեռքի էր տալիս ու երգում՝ «Ով սիրուն, սիրուն»… Անհնար է պատկերացնել այն էներգիան, որն այդ րոպեների ընթացքում պարուրում էր դահլիճն ու նրանում գտնվող յուրաքանչյուրին: