07/11/2018 13:14
«Ալաշկերտը» կվերադառնա Մարտունի. մարզպետն ու քաղաքապետն ամեն ինչ կանեն դրա համար
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ողջունում է «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Բագրատ Նավոյանի որոշումը՝ մարզադպրոց հիմնել Մարտունի քաղաքում։
«Մոտ օրերս հանդիպելու ենք, կհասկանանք ինչ են մարզպետարանից ակնկալում և մեր հնարավորության, մեր իրավասության սահմաններում ամեն ինչ կանենք, որ նախաձեռնությունն իրականություն դառնա», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Գնել Սանոսյանը։
Գեղարքունիքի մարզպետն ասաց, թե ուրախալի փաստ է, որ ակումբը նորից Մարտունիում գրանցվի։
«Շատ ողջունելի կլինի, որ ակումբը նորից Մարտունու անունից հանդես գա», - նշեց Գնել Սանոսյանը։
Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանն էլ Aysor.am-ի հետ զրույցում ընդգծեց՝ միանշանակ հողատարածք հատկացվելու է։
«Նախկին ստադիոնի տարածքը մենք, մինչև Բագրատ Նավոյանի հայտարարությունը, որոշել էինք տրամադրել Նավոյանին՝ սեփականատիրոջ հետ համաձայնության գալուց հետո միայն: Նավոյանը գնացել է, տեսել է, սակայն համաձայնության չեն եկել. սեփականատերն այնպիսի պայմաններ է առաջարկել, որ Նավոյանը համաձայնության չի եկել», - ասաց Արմեն Ավետիսյանը։
Նա նշեց, որ ինքը Բագրատ Նավոյանի հետ հեռախոսազրույց է ունեցել, վերջինիս հրավիրել է Մարտունի՝ հասկանալու՝ որ տարածքն է հարմար մարզադպրոց հիմնելու համար։
«Նավոյանը կգա, կպայմանավորվենք, մենք նոր տարածք կհատկացնենք, որ ֆուտբոլը զարգացնենք, այս նախաձեռնությունը մեր ուշադրության կենտրոնում է: Չանելը նշանակում է, որ մենք մարտունեցիներին թշնամի ենք», - ընդգծեց Արմեն Ավետիսյանը։
Հիշեցնենք՝ «Ալաշկերտ» ակումբի սեփականատեր Բագրատ Նավոյանը մտադիր է զարգացնել ֆուտբոլը Մարտունիում. նա որոշել է հիմնել ֆուտբոլային մարզադպրոց, ունենալ մանկապատանեկան խմբեր:
Նավոյանն այս թեմայով առանձնազրույց է ունեցել նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի հետ. ՀՖՖ-ն պատրաստ է աջակցել խաղադաշտի կառուցմանը: