08/11/2018 14:44
Վթարի է ենթարկվել բալետի 23-ամյա արտիստ Վահագն Մարգարյանը. վիճակը ծանր է
Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի 23-ամյա արտիստ Վահագն Մարգարյանն ավտովթարի է ենթարկվել, վիճակը գնահատվում է ծանր, այս մասին Aysor.am-ին տեղեկացրեց թատրոնի բալետային խմբի ղեկավար Արմեն Գրիգորյանը:
«Նա հիմա Հանրապետական հիվանդանոցում է, անգիտակից: Վնասվածքները մի քանիսն են: Այսօր ժամը 4-ից հետո կրկնակի հետազոտություն կանեն, որպեսզի առավել հստակ պատկեր ունենան: Հուսանք՝ ամեն ինչ լավ կլինի», - նշեց մեր զրուցակիցը:
Վթարը տեղի է ունեցել նոյեմբերի 6-ին՝ երեկոյան ժամը 20:00-ի սահմանում՝ Երևան-Աշտարակ ճանապարհի Պռոշյան գյուղի տարածքում: Ավտոմեքենայի մեջ եղել են Վահագն Մարգարյանը, նրա եղբայրը, եղբոր կինն ու 2 տարեկան երեխան:
«Նրանք տաքսիով են եղել, Վահագնը վարորդի հետևի մասում է նստած եղել, ու հավանաբար, հարվածի մեծ մասը հենց նրան է բաժին հասել: Եղբոր կնոջը վիրահատել են, հիմա արդեն լավ է, վիճակը կայունանում է: Եղբայրն ու երեխան էլ նորմալ են», -մանրամասնեց Արմեն Գրիգորյանը:
Ի դեպ, նոյեմբերի 4-ի Երևանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ «Չիպոլինո» ներկայացման պրեմիերան, որի գլխավոր հերոսին մարմնավորում էր հենց Վահագն Մարգարյանը: