08/11/2018 09:47
«168 Ժամ». Իրանի հետ սահմանի փակումը դժվար հաղթահարելի խնդիր կարող է դառնալ Հայաստանի համար. Վերլուծաբան
«168 Ժամի» հետ զրույցում ամերիկացի նախկին դիվանագետ, քաղաքական վերլուծաբան Փոլ Գոբլը, անդրադառնալով Իրանի դեմ ամերիկյան նոր պատժամիջոցների մասին հարցին, ասել է. «Հայաստանը ԱՄՆ-ի համար կարևոր երկիր է՝ շնորհիվ հզոր Սփյուռքի, որը լուրջ գործոն է Նահանգներում: Ուստի գործընկերային հարաբերությունները ենթադրում են նման վերաբերմունք՝ հասկանալով նաև, որ Իրանի ուղղության կորուստը Հայաստանի համար նշանակելու է արտաքին կախվածության ուժեղացում Ռուսաստանից և Վրաստանից, որն անցանկալի է:
ՀՀ վարչապետը խոսել էր սահմանի փակման հնարավորության մասին, որը, կարծում եմ, ծայրահեղ սցենար է, քանի որ Միացյալ Նահանգները հասկանում է այն նշանակությունը, որն ունեն Իրանն ու Վրաստանը Հայաստանի համար: Սահմանի փակումը դժվար հաղթահարելի խնդիր կարող է դառնալ Հայաստանի համար: Պետք է խուսափել նման սցենարներից, Նահանգները նման խնդիր Հայաստանի առջև չի դնում, ուստի նման ծայրահեղ միջոցների կարիք, կարծում եմ՝ չի լինի»:
Բայց ըստ Գոբլի՝ միանշանակ տնտեսական բնույթի կլինի ազդեցություն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախկին պատժամիջոցների չեղարկումից հետո կողմերը լայնածավալ բնույթի ծրագրեր ունեին և դրանցից մի քանիսի մեկնարկն արդեն տվել էին:
Իր հերթին՝ իրանցի քաղաքագետ Ալի Սալամին ասել է, որ ՀՀ նախկին իշխանությունները կարողացել էին օպտիմալ մոդել գտնել նման պայմաններում Իրանի հետ դրական հարաբերությունները պահպանելու և ԱՄՆ-ի հետ հարաբերվելու համար:
«Ներկայում ամեն բան ցույց է տալիս, որ ՀՀ ներկայիս իշխանություններից է կախված, թե ինչ որոշում նրանք կկայացնեն Իրանի հետ հարաբերությունների վերաբերյալ, քանի որ այս պատժամիջոցների պատճառով կարող են տուժել հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերությունները, բայց կպահպանվեն քաղաքական հարաբերությունները», - նշել է նա: