08/11/2018 13:11
Հայաստանն Ադրբեջանից գերիների փոխանակման որևէ առաջարկ չի ստացել. դա բացարձակ սուտ է. Գաբրիել Բալայան
Հայկական կողմն Ադրբեջանից գերիների փոխանակման վերաբերյալ որևէ առաջարկ չի ստացել, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը։
«Կարող եմ ասել՝ դա բացարձակ սուտ է։ Մինչ իմ դուրս գալը Պաշտպանության նախարարությունից, այսինքն այսօր՝ մոտավորապես ժամը 10։20-ը, նման առաջարկ Պաշտպանության նախարարությունը չի ստացել», - ասաց Գաբրիել Բալայանը։
Նա նշեց՝ սովորաբար նման առաջարկներն ընդունված կարգի համաձայն ստացվում են Կարմիր խաչի խողովակներով:
«Ես ընդհանրապես չեմ կարող պատկերացնել, թե ինչի մասին է խոսք գնում՝ հաշվի առնելով, որ ռազմագերիներ չկան ո′չ Հայաստանում, ո′չ էլ Արցախի Հանրապետությունում։ Եթե նրանց կողմից նման նախաձեռնություն եղել է, ես կարծում եմ, որ Կարմիր Խաչը, հոյակապ տիրապետելով իրավիճակին, ինքն էլ է հասկանում, որ դա պարզապես իրենց ներքին կամ որոշակի արտաքին շահառուներին ուղղված հայտարարություն է, որն իր տակ որևիցե հիմնավորում չունի», - ասաց Գաբրիել Բալայանը։