08/11/2018 16:26
Պայմանավորված բալետի արտիստ Վահագն Մարգարյանի՝ հիվանդանոցում գտնվելու հանգամանքով՝ «Չիպոլինո» ներկայացումը հետաձգվում է. Կոնստանտին Օրբելյան
Նոյեմբերի 12-ին նախատեսված Կարեն Խաչատրյանի «Չիպոլինո» բալետային ներկայացումը չեղարկվել է: Այդ մասին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ֆեյսբուքյան էջի միջոցով տեղեկացրել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը:
Հետաձգման պատճառը թատրոնի առաջատար մենապարողներից Վահագն Մարգարյանի՝ վթարի հետևանքով ծանր վիճակում հիվանդանոցում գտնվելն է: Երիտասարդ արտիստը մարմնավորում էր այս ներկայացման հերոսին:
«Հարգելի հանդիսատես, տեղի ունեցած ավտովթարի հետևանքով թատրոնի առաջատար մենապարողներից Վահագն Մարգարյանը այս պահին ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում։ Մեր թատրոնի մեծ ընտանիքի յուրաքանչյուր անդամ այս պահին մտահոգ է մեր սիրելի արտիստի, ընկերոջ, զավակի շուտափույթ ապաքինմամբ։ Այդ իսկ պատճառով հայցում եմ Ձեր ներողամտությունը և հայտնում, որ նոյեմբերի 12-ին նախատեսված Կ. Խաչատրյանի «Չիպոլինո» բալետային ներկայացումը տեղի չի ունենա։
Շուտափույթ ապաքինում ենք ցանկանում Վահագնին։ Մենք բոլորս այս պահին նրա կողքին ենք, նրա ընտանիքի անդամների կողքին, մեր բալետային թատերախմբի յուրաքանչյուր արտիստի կողքին:
Ձեր՝ Կոնստանտին Օրբելյան»-գրել է գեղարվեստական ղեկավարը:
Թատրոնի ադմինիստրացիան էլ հայտնում է, որ նոյեմբերի 12-ի ներկայացումը տեղափոխվել է նոյեմբերի 23-ին: Նոյեմբերի 12-ի համար գնված տոմսերը վավեր են նոյեմբերի 23-ի համար: