09/11/2018 13:50
Հայաստանին զրկել են գլխավոր քարտուղարի պաշտոնից ՀԱՊԿ-ի նկատմամբ ոչ կառուցողական վերաբերմունքի պատճառով. Փորձագետ
ՀԱՊԿ-ը Հայաստանին ընդառաջ չի գնացել և չի պահպանել գլխավոր քարտուղարի պաշտոնը, քանի որ հենց այդ երկրի գործողությունները հաշվի չէին առնում կազմակերպության շահերը, հայտնել է «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրի գլխավոր խմբագիր Ֆյոդր Լուկյանովը, գրում է РИА Новости-ն:
«Երևանը պնդում էր, որ այդ պաշտոնում այլ ներկայացուցիչ նշանակելու իրավունք ունի, քանի որ Խաչատուրովը աշխատել է ժամկետի միայն կեսը: Սակայն պարզ էր, որ ոչ-ոք Հայաստանին ընդառաջ չի գնա: Ներքաղաքական հանգամանքները, որոնցով առաջնորդվում էին հայկական իշխանությունները սկսելով Խաչատուրովի հետապնդման գործընթացը, կազմակերպության շահերը ոչ մի կերպ հաշվի չէին առնում, իսկ ամռանը նրա ձերբակալության հետ կապված պատմության պատճառով ՀԱՊԿ-ը հայտնվել էր հիմար դրության մեջ», - գրել է Լուկյանովը ամսագրի Telegram-ի պաշտոնական ալիքում:
«Հույս ունենալ, թե դրանից հետո բլոկը կառուցողական կվերաբերվի Երևանի նոր գաղափարներին՝ տարօրինակ կլիներ», - ընդգծել է նա:
Հիշեցնենք՝ նոյեմբերի 8-ին Աստանայում տեղի ունեցած ՀԱՊԿ գագաթաժողովի արդյունքներով Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը նշել է, որ «գլխավոր քարտուղար պետք է դառնա Բելառուսի ներկայացուցիչը, քանի որ կանոնադրությամբ ռուսական այբբենական կարգով Բելառուսն է հաջորդում Հայաստանին»։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի դեկտեմբերի 6-ին՝ Սանկտ Պետերբուրգում: