09/11/2018 10:53
«Անմոռանալի օր»-ը անմոռանալի օր պարգևեց հանդիսատեսին
Ռեժիսոր և պրոդյուսեր Հենրի Քոչարյանը երեկ «Նաիրի» կինոթատրոնում հանդիսատեսի դատին հանձնեց իր նոր՝ կատակերգության ու մելոդրամայի ժանրում նկարահանված «Անմոռանալի օր» ֆիլմը:
Սա ֆիլմի առաջին փակ ցուցադրությունն էր։
Ֆիլմը չորս ընկերների մասին է, ովքեր մի օր որոշում են մեկնել ընկերներից մեկի՝ Հակոբի պապական տուն։
Ֆիլմը նկարահանվել է այս օգոստոսին՝ Լոռու մարզի Ակներ գյուղում:
Արկածների սիրահար տղաների համար գյուղում, սակայն, տեղի է ունենում անսպասելին. Արմանը մինչև հոգու խորքը սիրահարվում է։
Հենրի Քոչարյանը, մինչև ֆիլմի սկսվելը, ասաց, թե արել է ամեն ինչ, որ ֆիլմը դուր գա բոլորին։
Դերասան Գոշ Հակոբյանը՝ նույն ինքը՝ մինչև հոգու խորքը սիրահարված տղան, պատմում է՝ սա իր առաջին գեղարվեստական ֆիլմն է, ընդ որում, գլխավոր դերակատարությամբ։
Դերասանը նշեց, որ դժվարություններ եղել են, ընդհուպ այն պահը, որ Հենրին մտածել է՝ այնուամենայնիվ, կարո՞ղ է գլխավոր կերպարը Գոշ Հակոբյանը չէ։
«Բայց, ոնց տեսնում եք, ստացվեց», - ասաց նա։
Դերասանը պատմեց, որ նկարահանումները տևել են մեկ ամիս ու այդ ընթացքում ինքը վեց անգամ հասցրել է հիվանդանալ։
Գոշ Հակոբյանը ընդգծեց՝ չնայած մի քանի դժվարությանը՝ իրենց ոչինչ չի կանգնեցրել։
Խաղընկերուհու մասին խոսելիս էլ ասաց, թե խաղընկերուհին իրենից փոքր է յոթ տարի։
«Շատ հեշտ ու թեթև էր աշխատել նրա հետ, ինչ-որ դժվարություններ չեղավ սիրային գիծը տանելուց», - ասաց Գոշ Հակոբյանը։
Ֆիլմն, իսկապես, կարելի է ստացված համարել. ցուցադրության ամբողջ ընթացքում դահլիճում ծիծաղը չդադարեց, իսկ ավարտին բուռն ծափահարությունները փաստեցին՝ «Անմոռանալի օր»-ը անմոռանալի օր պարգևեց հանդիսատեսին։