09/11/2018 17:19
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Երվանդ Մանարյանին ու անձամբ հանձնել ՀՀ Ժողովրդական արտիստի կոչումը
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 9-ին այցելել է Երվանդ Մանարյանին ու նրան հանձնել ՀՀ Ժողովրդական արտիստի կոչումը հաստատող փաստաթուղթը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացրել է դերասանի որդին՝ Քրիստ Մանարյանը:
«Նախագահ Արմեն Սարգսյանն էս առավոտ եկել էր հանձնելու Երվանդ Մանարյանին ժողովրդական արտիստի կոչումը: Ինչպես ինքը նկատեց՝ տասնամյակների ուշացումով: Նստեցին ու հիշեցին հին կյանքի դրվագները, ընդհանուր ծանոթներին, լիքը ծիծաղեցին ու շատ երջանիկ տեսք ունեին երկուսն էլ: Դե մենք էլ կողքից…))) Հետո ավելի լավ նկարներ կդնեմ», - գրել է նա:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Երվանդ Մանարյանին էր այցելել նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, որից անմիջապես հետո հայտարարել էր, որ որոշում է կայացրել Երվանդ Մանարյանին Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի պատվավոր կոչում շնորհելու մասին: Վարչապետի պաշտոնակատարն ընդգծել էր՝ այս հիրավի վաստակած կոչումը նա երկար տարիներ չի ստացել ընդդիմադիր քաղաքական հայացքների պատճառով: