09/11/2018 11:19
Լիլիթ Մակունցը պարզաբանում է ներկայացրել, թե ինչու ֆինանսական աջակցություն չի տրամադրվել բարեգործական համերգին
ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը պարզաբանում է ներկայացրել, թե ինչու ֆինանսական աջակցություն չի տրամադրվել բարեգործական համերգին։
«Պաշտոնապես հայտնում եմ, որ պարոն Թովմաս Պողոսյանը բարեգործական համերգի ֆինանսական աջակցության դիմումը նախարարություն ներկայացրել է սեպտեմբերի 13-ին՝ առավոտյան 10:03-ին: Նույն օրը՝ 10:23-ին, դիմումը մակագրվել է համապատասխան վարչություն և գործին տրվել է ընթացք:
Նշեմ, որ սեպտեմբերի 13-ը հինգշաբթի էր, իսկ համերգը նախատեսված է եղել անցկացնել երկուշաբթի՝ սեպտեմբերի 17-ին, Արցախի Հանրապետությունում: Չնայած այն հանգամանքին, որ կայացվել է դրական որոշում ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մասին, այդ կարճ ժամանակահատվածում՝ փաստացի 2 աշխատանքային օրվա ընթացքում, տեխնիկապես հնարավոր չի եղել ապահովել ֆինանսական աջակցությունը, քանի որ հատկացումներ կատարելու համար կա օրենքով նախատեսված ընթացակարգ:
Միջոցառումն անցկացնելուց հետո հնարավոր չէր կատարել փոխանցումը, քանի որ այն այդ պարագայում համարվում է փոխհատուցում, այլ ոչ աջակցություն, ինչը նախարարության համար գրանցվում է որպես ֆինանսական խախտում՝ իր հետևանքներով: Պարոն Պողոսյանն այդ մասին տեղեկացվել է գրավոր:
Առիթն օգտագործելով խնդրում եմ, որպեսզի աջակցություն ցուցաբերելու դիմումները նախարարություն ներկայացվեն նախատեսվող միջոցառումից առնվազն 2 շաբաթ շուտ:
Հերքում եմ նաև այն պնդումը, որ «արգելված է» նախարարություն մուտք գործելը կամ նախարարի հետ հանդիպելը: Նման բան գոյություն չունի և չի էլ կարող ունենալ», - ասված է պարզաբանման մեջ։
Հիշեցնենք, որ նախօրեին «Ժողովուրդ» թերթը գրել էր, որ ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանը օրաթերթի հետ զրույցում ահազանգել է, որ անարժեք երևույթներն ունեն միլիոնավոր դիտումներ, իսկ մեր փառապանծ Օֆելյա Համբարձումյանն ու մյուս մեծերը՝ նվազագույն. «Պրոֆեսիոնալ ազգային արվեստին նվիրյալ երգիչներն օգնություն են ակնկալում իրենց հարազատներից»: