10/11/2018 15:00
Քոքոբելյանը խոստանում է ժամանակին բացահայտել՝ ովքեր են եղել գրպանային ընդդիմադիրները
Մենք հավակնում ենք լինել իշխանություններին այն գլխավոր ընդդիմախոսը, որը բովանդակային առումով թարմություն կբերի, այսօր «Մենք» դաշինքի ստեղծման մասին հուշագրի ստորագրումից հետո հայտարարեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը։
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ «Հանրապետություն» և «Ազատ դեմոկրատները» ստեղծում են դաշինք՝ «Մենք» անունով։
Միևնույն ժամանակ, Քոքոբելյանը հայտարարեց, որ աջակցելու են ներկայիս կառավարության նախաձեռնած փոփոխություններին։ Քաղաքական գործիչն ասաց, որ ինքը նախորդ 20 տարիների ընթացքում եղել է ընդդիմություն և նկատել է, որ կան նաև գրպանային ընդդիմություններ։
«Գրպանային ընդդիմություն համարում եմ այն քաղաքական ուժերին, որոնք, ժողովրդին մեկ այլ բան ասելով, հայտնվել են խորհրդարանում, սակայն հետո արել են մեկ այլ բան։ Օրինակ՝ ճակատագրական քվեարկությունների ժամանակ իրենք իրենց դրսևորել են ճիշտ այնպես, ինչպես Հանրապետականը ցանկացել է։ Քանի որ ընտրարշավի մեկնարկում ենք գտնվում, ես դրա մեկնաբանությունը թողնում եմ խոհեմ քաղաքացիներին», - հայտարարեց Քոքոբելյանը։
Նա հորդորեց փորփրել անցյալը և տեսնել՝ իրենց ընդդիմադիր հայտարարած քաղաքական ուժերն ինչպես են պահել իրենց ժողովրդի համար բախտորոշ իրավիճակներում՝ մարտի 1-ին, սահմանադրական հանրաքվեի և խորհրդարանում այլ քվեարկությունների ժամանակ։
«Առիթ լինելու դեպքում, մենք կխոսենք բաց, շիտակ, դեմքներին կասենք, թե ով ինչ է արել, ինչի է ունակ», - հավելեց Քոքոբելյանը։
Նա կարծիք հայտնեց, որ քաղաքական դաշտի առողջացման համար մեծ հնարավորություն է ստեղծվել, և ժողովուրդն այժմ հնարավորություն ունի ընտրել և իշխանություն, և առողջ ընդդիմություն։
Մանրամասները՝ տեսանյութում: