10/11/2018 14:00
Զանգակատուն գյուղի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերը որևէ նոր տեղաշարժ չեն ունեցել. Արծրուն Հովհաննիսյան
Արարատի մարզի Զանգակատուն գյուղի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերը որևէ նոր տեղաշարժ չեն ունեցել, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
Նշենք, որ Զանգակատան գյուղապետի պաշտոնակատար Հովիկ Կարապետյանը News.am-ի հետ զրույցում ասել է, որ գյուղին հարակից տարածքում ադրբեջանական կողմն առաջ է բերել իր դիրքերը, ինչի հետևանքով միջդիրքային տարածությունը բավականին կրճատվել է ու 11 հա ցանքատարածություններ հայտնվել են կրակի տակ։
«Գյուղապետի ասածի մեջ որևէ նոր բան չկա։ Որևէ նոր տեղաշարժ չի եղել։ Խոսքն ամիսներ առաջ արդեն քննարկված դիրքային տեղաշարժի մասին է։ Այդ առումով էլ կրկնում եմ նախկինում ասված խոսքերը՝ հակառակորդը տեղաշարժեր էր արել իր տարածքում, կրկնում եմ՝ իր տարածքում, որի նկատմամբ հայկական զինված ուժերը երբեք չեն ունեցել վերահսկողություն», - ասաց Արծրուն Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ առաջիկա օրերին Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը հանդես կգա մամուլի ասուլիսով, որի ընթացքում այս հարցին նույնպես կանդրադառնա։