10/11/2018 09:56
«168 Ժամ». Ներքին վտանգներ` դրսից
«168 Ժամի» հետ զրույցում ռուս քաղաքագետ Ալեքսեյ Մալաշենկոն, անդրադառնալով Աստանայում կայացած ՀԱՊԿ գագաթաժողովի ընթացքում գլխավոր քարտուղարի թեկնածության շուրջ անհամաձայնությանը, ասել է.
«Հայաստանի ցանկության չիրականացումը հետևանքներ չի ունենա ՀԱՊԿ-ի, հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների համար, սակայն կարող է ուշադրության արժանանալ երկրի ներսում, քանի որ ՀՀ իշխանություններն ավելի վաղ նշել էին, որ ՀԱՊԿ կանոնակարգը պետք է պահպանվի: Ներկայումս այս պաշտոնի զիջումը ցանկացած երկրի՝ Հայաստանի ներսում մեծ ուշադրության, գուցե բացասական գնահատականների արժանանա, քանի որ, փաստորեն, Հայաստանը ներքաղաքական զարգացումների պատճառով կորցրեց միջազգային կազմակերպությունում այդ կարևոր պաշտոնը, սակայն կա կարծիք, որ դրանից կարելի էր հմտորեն խուսափել: Ներքին բացասական քննարկումներից և վարկանիշի կորստից խուսափելու նպատակով այս դիրքորոշումը պետք է պահպանվի»:
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին կամ Հայաստան-ՀԱՊԿ հարաբերություններին, ապա, նրա խոսքով՝ մենք տեսնում ենք հայ-ռուսական ակտիվ ռազմաքաղաքական համագործակցություն` սպառազինությունների ձեռքբերում մատչելի պայմաններով, համագործակցություն երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև: «Կարծում եմ` սա անհրաժեշտ է նաև Հայաստանին»,- ասել է նա: