10/11/2018 10:00
«Փաստ». Ցանկանում են՝ ուսխորհուրդները ոչ թե կուսակցականացվեն, այլ՝«արայիկացվեն»
«Փաստ» թերթը գրում է. «ԵՊՀ ուսանողական խորհրդի շուրջ ձևավորված աղմուկը իրականում բավական խորքային պատճառներ ունի: Մի կողմից՝ տարիներ շարունակ գրեթե բոլոր բուհերի ուսխորհուրդները ծառայել են որպես քաղաքական յուրատեսակ բազա ՀՀԿ–ի համար, և կարիերայի ցատկահարթակ՝ այդ խորհուրդների ղեկավար կազմերի համար:
Մյուս կողմից, մեր տեղեկություններով, գործող իշխանությունները փորձում են թույլ չտալ, որ առկա իրավիճակը դուրս գա իրենց վերահսկողությունից: Բանն այն է, որ քանիցս ԿԳ նախարարի կողմից հայտարարվել է, որ ուսխորհուրդների քաղաքականացումն ու, առավել ևս, կուսակցականացումը անթույլատրելի է, որ ուսխորհուրդները պետք է ունենան անկախություն, սակայն միևնույն ժամանակ չեն ցանկանում նման պոտենցիալը դուրս թողնել իրենց ազդեցությունից:
Մեզ հետ զրուցած բազմաթիվ ուսանողների պնդմամբ, հիմա գտնվել է «և՛ գայլերը կուշտ, և՛ ոչխարները՝ ողջ» տարբերակը, այն է՝ ամեն ինչ անել, որ ուսանողական խորհուրդների նոր ընտրություններ նշանակվեն, ընտրվեն այնպիսի ղեկավարներ, որոնք ՔՊ անդամ չեն լինի, սակայն կլինեն ԿԳ նախարարի «մարդիկ», այսինքն՝ դրանք ոչ թե կկուսակցականացվեն, այլ, ինչպես մեր զրուցակից ուսանողներից մեկը նկատեց, «կարայիկացվեն», կդառնան ԿԳ նախարարության, իսկ ավելի կոնկրետ՝ նախարարի վերահսկողության ներքո:
Տարբեր բուհերում երեկվա մեր շրջայցի ժամանակ ուսանողները նաև անհանգստացած էին, որ ոմանց կողմից հրահրված գործողությունների արդյունքում կարող են, մեղմ ասած, անցանկալի ու տհաճ միջադեպեր լինեն, ինչի վտանգը զգալի էր թեկուզ հենց ԵՊՀ–ում տեղի ունեցած միջադեպի ժամանակ»: