10/11/2018 13:11
«Հայֆիլմի» այն լոգոն, որով մինչ օրս ցուցադրում են հայկական ֆիլմերը, բացարձակ կապ չունի այն «Հայֆիլմի» հետ, որի համար արդեն 2 տարի պայքարում ենք. Հայկ Բաբայան
Հայֆիլմի վերածնունդ նախաձեռնության հիմնադիր, ռեժիսոր Հայկ Բաբայանն այսօր հայտարարությամբ է հանդես եկել՝ հրավիրելով կինոսերների և պաշտոնյաների ուշադրությունը:
Գուցե սա ամենակարևոր խնդիրներից չէ, բայց կարևոր է այնքանով, որ անհրաժեշտ եմ համարում արդեն հայտարարել։ Այն, ինչ կասեմ, իսկական հին կինոշնիկների սրտից եմ խոսելու։ Հայտարարությունս թող կարդան բոլոր կինոսերները, պաշտոնյաները և հատկապես լրագրողները:
Հայֆիլմի այն լոգոն, որով մինչ օրս ցուցադրում են հայկական ֆիլմերը, կամ հրապարակումների ժամանակ տեղադրում են հենց այդ նկարը, մեկ ուրիշ դեպքում՝ Հայֆիլմի մասին ռեպորտաժները, ֆիլմերը կամ մուտֆիլմերը, որոնք սկսվում են անիմացիոն հայտնի տեսանյութով, բացարձակապես կապ չունեն այն Հայֆիլմի հետ, որի համար մենք արդեն 2 տարի պայքարում ենք։ Իսկական լոգոն առաջին հայացքից հնարավոր է տարբերակել։ Իսկ այն լոգոն, որը մեր տեսադաշտում է եղել արդեն 13 տարի, արթնացնում է կինոյի մարդկանց զայրույթը: Այն կապվում է միայն Հայֆիլմի թալանի, քանդելու, անորակ թվայնացված ֆիլմերի և անտեր վերաբերմունքի հետ, որ ունեցել են սեփականատերերը տարիներ շարունակ։ Կրկնում եմ՝ այսօրվանից մոռանում ենք այդ տխրահռչակ լոգոն, որը 2005 թվականին անհասկանալիորեն սեփականշնորհվեց՝ վերակառուցելու խոստումով և պարտավորություններով, բայց թալանվեց, քանդվեց և եղածն էլ, դեռևս չպարզված հանգամանքներում, կամ անհետացավ, կամ ոչնչացավ։
Իսկական լոգոն այն հին լոգոն է, որը մի քանի սերնդի համար մեծ հիշողություններ ու սեր է արթնացնում դեպի իսկական հայկական կինեմատոգրաֆը։
Հայֆիլմի վերածնունդ նախաձեռնության ծրագրերի 17-րդ կետը վերաբերում է հենց լոգոյին։ Նախաձեռնությունը դեմ է ցանկացած մեծ փոփոխության, ընդամենը կարելի է գույները թարմացնել, մեկ-երկու շտկում անել ու թողնել ամեն ինչ այնպես, ինչպես, որ կա։
Հայֆիլմի վերածնունդ նախաձեռնությունն իր ծրագրերով, որոնց անունը մենք դրել ենք «Առաջին քայլեր», կարող եք համարել պատրաստ։ Հայֆիլմը ազգային արժեք է»,-գրել է Հայկ Բաբայան:
Հիշեցնենք, որ նախաձեռնությունը, ի դեմս մշակութային մի շարք գործիչների, տևական ժամանակ է՝ պայքարում է Հայֆիլմը մասնավորեցման ծրագրից հանելու ու պետական մշակութային կառույց-հուշարձան դարձնելու համար: