12/11/2018 22:29
Մեր ռազմական թատերաբեմում կործանիչ ավիացիան անելիք չունի. Աղաբեկյանն արձագանքել է Տոնոյանի հայտարարությանը
Արցախի Հանրապետության նախկին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանն այսօր անդրադարձել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի հայտարարությանը, որ Հայաստանը մտադիր է ձեռք բերել ռուսական Су-30 կործանիչներ։
«Այսօր լսեցի Պաշտպանության նախարարի խոսքը, որ մենք պատրաստվում ենք ձեռք բերել ռազմական կործանիչ ավիացիա։ Պարտքս եմ համարում բարձրաձայնել, որ մեր ռազմական թատերաբեմում, ինչպես երեկ կործանիչ ավիացիան անելիք չուներ, այնպես էլ՝ այսօր չունի։ Առավել ևս, մեր օրերում՝ բարձր տեխնոլոգիաների արագ զարգացման պայմաններում, նրա կիրառումը գրեթե դառնալու է անհնար՝ ցանկացած թատերաբեմում։ Ի դեպ, այս մասին վերջերս արտահայտվել է Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունը», - Facebook-ի իր էջում գրել է Ա.Աղաբեկյանը։
Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ Դ.Տոնոյանն ասել էր. որ շվեդական JAS-39 Gripen կործանիչների ձեռքբերման վերաբերյալ այս պահին հայկական կողմը որևէ որոշում չունի։