12/11/2018 12:30
Ես չեմ լինելու գաստրալյոր պատգամավոր. Նաիրա Զոհրաբյան
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատագմավոր Նաիրա Զոհրաբյանը, որը պատրաստվում է տեղափոխվել Սյունիքի մարզ և ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել թիվ 12 ընտրատարածքում, համաձայն չէ շրջանառվող տեսակետի հետ, թե իրեն աքսորում են:
«Կայացած քաղաքական գործիչը, կարծում եմ, պետք է վստահության քվե ունենա ոչ միայն այն բակում, որտեղ ինքը ծնվել, մեծացել է, այլև Հանրապետության ցանկացած բնակավայրում, մարզում, գյուղում, որտեղ կորոշի իր կուսակցությունը: Բացի այդ, իմ արմատները Սյունիքից են, որոնք ինձ համար թանկ են ու սիրելի», - այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը:
Նրա խոսքով՝ ինքը, որպես քաղաքական գործիչ, իրավունք ունի վստահության քվե ակնկալել Հայաստանի յուրաքնաչյուր բնակավայրում:
«Հասկանում եմ, որ քարոզարշավի ժամանակը շատ քիչ է և առաջիկա օրերին տեղափոխվելու եմ Սյունիք, նաև՝ Վայոց Ձոր ու փորձելու եմ հնարավորինս մեծ մասշտաբով լինել գրեթե բոլոր բնակավայրերում», - հավելեց Զոհրաբյանը՝ ընդգծելով, որ օգտագործելու է բոլոր գործիքները:
Նա ասաց, որ սյունեցիներին ու վայոցձորցիներին փոխանցելու ու վստահեցնելու է, որ ինքը լինելու է նրանց համար հասանելի պատգամավոր՝ ամեն օր ու ամեն ժամ:
«Ես չեմ լինելու գաստրալյոր պատգամավոր, ինչպես տարիներ շարունակ ունեցել են այդ մարզերը», - նշեց թեկնածուն: