12/11/2018 12:12
Մենք չենք գնում որևէ մեկին վիրավորելու, որևէ մեկին ոչնչացնելու. Նաիրա Զոհրաբյանն ընտրություններից առաջ կոռեկտության կոչ է անում
Ընդդիմություն կամ իշխանություն լինելը հայտարարություններով չէ, այլ ժողովրդի տված քվեով, ընտրությունների արդյունքներով, այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատագմավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Դեկտեմբերի 9-ին ում ինչքան քվե կտա ժողովուրդը, այդ ժամանակ էլ պարզ կլինի՝ ով ով է: Քաղաքականությունն ինձ համար ազնվությունն է և իմ կարծիքով, քաղաքական գործիչը պետք է ասի այն, ինչ մտածում է և ոչ թե մտածի մեկ բան, ասի այլ բան: Եթե ինչ-որ մարդիկ իրենց մտքում ինչ-որ բան ունեն պահած և ինչ-որ այլ բան են ասում, դա իրենց խնդիրն է», - հավելեց Զոհրաբյանը՝ լրագրողների խնդրանքով անդրադառնալով գրպանային ընդդիմության մասին Խաչատուր Քոքոբելյանի հայտարարություններին:
Զոհրաբյանն ասաց, որ իրենք գնում են ընտրությունների արդար մրցապայքարի միջոցով և իրենց զրույցը լինելու է ՀՀ քաղաքացու հետ:
Ինչ վերաբերում է Բարգավաճ Հայաստանի նախընտրական ծրագրին, դա, ըստ Զոհրաբյանի, լինելու է «բավական ուժեղ», որը բերելու է «լուրջ տնտեսական ռեֆորմներ»:
«Մենք չենք գնում որևէ մեկին վիրավորելու, որևէ մեկին ոչնչացնելու, մենք չենք գնում որևէ ուժ-ի հաշվին քաղաքական դիվիդենտներ շահելու: Մենք քաղաքական կոռեկտության կոչ ենք անում բոլորին: Ով քաղաքական պայքարի ընթացքում կխախտի քաղաքական կոռեկտությունը, բնականաբար, համարժեք պատասխան կստանա», - նշեց Զոհրաբյանը: