12/11/2018 18:29
Տեղական արտադրության հարվածային ԱԹՍ-ները ներառված են հայկական ԶՈւ սպառազինության մեջ. Տոնոյան (Տեսանյութ)
Հայկական Զինված ուժերի սպառազինությունում արդեն իսկ ներառված են տեղական արտադրության հարվածային անօդաչու թռչող սարքերը, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը։
«Ներառված են այնքանով, որքանով վտանգ են ներկայացնում հակառակորդի համար», - ասաց Դավիթ Տոնոյանը։
Aysor.am-ի հարցին՝ կան արդյոք հայկական ռազմարդյունաբերության այլ նորություններ, նախարարի պաշտոնակատարն արձագանքեց.
«Բազմաթիվ նորություններ կան տեղական ռազմարդյունաբերության կողմից, որոնք արդեն իսկ ոչ թե գիտակոնստրուկտորական, այլ արտադրության փուլում են։ Դա վերաբերում է նոր տեխնոլոգիաներով նոր զինատեսակներին»։
Հիշեցնենք, որ այս տարվա հոկտեմբերի 4-ին ՊԲ «Տիգրանակերտ» զորավարժարանում տեղի ունեցած զորավարժությունների ժամանակ մարտականին առավելագույնս մոտեցված պայմաններում կիրառվել են տեղական արտադրության հարվածային անօդաչու թռչող սարքեր, որոնք նախագծվել ու թողարկվում են Արցախի Հանրապետությունում։
Նախքան դրանց գաղտնազերծելն ու մարտավարական զորախաղերում կիրառելը, նշված ԱԹՍ-ներն անցել են համապատասխան փորձաշրջան և լիովին ապացուցել իրենց արդյունավետությունը:
Տեսանյութը՝ ՊԲ լրատվական ծառայության