12/11/2018 16:04
Այս պահին Ժիրայր Սեֆիլյանը Հայաստանի քաղաքացի չէ, հետևաբար չի մասնակցի ընտրություններին. խոսնակ
Վերջին օրերին Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Սասնա ծռեր» կուսակցության ստեղծման նախաձեռնողներից Ժիրայր Սեֆիլյանի ՀՀ քաղաքացիություն ստանալու մասին իրարամերժ տեղեկություններ տարածվեցին: Նախ հայտարարվեց, թե Սեֆիլյանին մերժել են շնորհել ՀՀ քաղաքացիություն, հետո էլ տարածվեց, թե արդեն շնորհվել է:
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում «Սասնա ծռեր» կուսակցության մամուլի քարտուղար Վահագն Ավագյանը հստակեցրեց, որ մերժվել է, մասնավորապես, Սեֆիլյանին հետին թվով քաղաքացիություն ստանալու դիմումը, որը ՀՀ պատկան մարմիններին ուղղվել էր և Ժիրայր Սեֆիլյանի, և մի շարք մտավորականների կողմից:
«Մերժման մեջ նշվում էր, որ հետին թվով քաղաքացիություն ստանալ հնարավոր չէ և դրա համար պետք է դիմել դատարան», -ներկայացրեց մամուլի քարտուղարը:
Սակայն, նրա խոսքով, ընթացիկ ամսաթվով ՀՀ քաղաքացիություն ստանալու հարցում Սեֆիլյանը խոչընդոտների չի հանդիպել:
«Այդ դիմումին դեռ վերջնական պատասխան չենք ստացել, բայց օրերս արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը հայտարարեց, որ իրենց նախարարությունը դրական է պատասխանել Սեֆիլյանին քաղաքացիություն շնորհելու առաջարկությանը», - ներկայացրեց Վահագն Ավագյանը:
Հիշեցնենք, Զեյնալյանն այդ հայտարարությունն արեց նոյեմբերի 10-ին՝ «Մենք» դաշինքի ստեղծման մասին հուշագրի ստորագրման արարողության ժամանակ՝ պատասխանելով լրագրողների հարցերին:
«Սա մի պրոցես է, որը վերջնական հանգրվանին չի հասել: Այս պահին պարոն Սեֆիլյանը Հայաստանի քաղաքացի չէ», - նշեց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ 30 տարի շարունակ Սեֆիլյանին անօրինականորեն չի տրամադրվել ՀՀ քաղաքացիություն:
Քանի որ Սեֆիլյանը քաղաքացիություն չունի, հետևաբար չի կարող մասնակցել դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին, և Ավագյանի խոսքով՝ նրա անունը չի կարող լինել «Սասնա ծռեր» կուսակցության համամասնական ցուցակում:
Ի դեպ, կյուսակցության մամուլի խոսնակը հրաժարվեց ասել՝ ովքեր են ընդգրկվելու կուսակցության համամասնական ցուցակում: Սակայն ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ այս կուսակցության համամասնական ցուցակը գլխավորելու է Վարուժան Ավետիսյանը, իսկ երկրորդ հորիզոնականում լինելու է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:
Հարցին, թե վատ չի՞ զգում Ժիրայր Սեֆիլյանը, որ չի կարող օգնել կուսակցությանը, ներկայացված լինելու համամասնական ցուցակում, Ավագյանը պատասխանեց. «Պարոն Սեֆիլյանն այնքան դժվարություններ ու խնդիրներ է տեսել, հաղթահարել, որ նման խնդիրը երբեք Ժիրայր Սեֆիլյանի համար չի կարող լինել խոչընդոտ այդ առումով»:
Այդուհանդերձ, Ժիրայր Սեֆիլյանը կմասնակցի «Սասնա ծռեր» կուսակցության քարոզարշավին և կաջակցի ընկերներին: