12/11/2018 23:42
Բազմաֆունկցիոնալ օդուժի դերակատարության մասին բացասական գնահատականներ լսելը հատկապես ցավալի է ԶՈւ նախկին ղեկավարներից. Արծրուն Հովհաննիսյան
Մենք կառուցում ենք 21-րդ դարի բանակ, Facebook-ի էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն՝ անդրադառմալով ՀՀ ԶՈւ օդուժի հնարավոր համալրմանը նոր կործանիչներով:
«Բազմաֆունցիոնալ օդուժի դերակատարության մասին բացասական գնահատականներ լսելը հատկապես ցավալի է ՀՀ ԶՈւ-երի նախկին ղեկավարներից, որոնք ունեն փառահեղ մարտական անցյալ, սակայն մյուս կողմից ոչ մի զարմանալի բան չկա: Կարծիքի իրավունք ունի ամեն մեկը, բայց մենք կառուցում ենք 21-րդ դարի բանակ», - գրել է Արծրուն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Արցախի Հանրապետության նախկին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանն անդրադարձել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի հայտարարությանը, ըստ որի Հայաստանը մտադիր է ձեռք բերել կործանիչներ ու, հնարավոր է, դրանք ռուսական ՍՈւ-30 կործանիչները լինեն:
«Այսօր լսեցի Պաշտպանության նախարարի խոսքը, որ մենք պատրաստվում ենք ձեռք բերել ռազմական կործանիչ ավիացիա։ Պարտքս եմ համարում բարձրաձայնել, որ մեր ռազմական թատերաբեմում, ինչպես երեկ կործանիչ ավիացիան անելիք չուներ, այնպես էլ՝ այսօր չունի։ Առավել ևս, մեր օրերում՝ բարձր տեխնոլոգիաների արագ զարգացման պայմաններում, նրա կիրառումը գրեթե դառնալու է անհնար՝ ցանկացած թատերաբեմում։ Ի դեպ, այս մասին վերջերս արտահայտվել է Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունը», - Facebook-ի իր էջում գրել է Ա.Աղաբեկյանը։