13/11/2018 17:09
Հիշեք՝ եթե ձեր նախընտրական եռյակի առաջին տեղում լինի Նիկոլի ուսապարկը, Նիկոլի «դուխով» կեպկեն՝ 2-րդ, Նիկոլի հազը՝ 3-րդ, դուք, մեկ է, 80 տոկոս ձայն եք հավաքելու. Աշոտյան (Տեսանյութ)
ԱԺ հայտարարությունների ժամին ելույթ ունեցավ ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ով նկատել է, որ ՀՀԿ-ի հայտարարությունը՝ ընտրություններին մասնակցելու մասին, քաղաքական որոշ ուժեր ու գործիչներ դժվար են մարսել:
«Ես հասկանում եմ՝ դժվար է մարսել Հայաստանի պատմության մեջ առաջին նախադեպը, երբ նախորդ իշխանությունները ոչ թե ջախջախվում, տրոհվում են, ինչպես կոմունիստները, ՀՀՇ-ն, այլ փորձում են քաղաքական համակարգի կայացման ավանդույթներ դնել: Կարծում եմ՝ սա այն դեպքն է, երբ Հանրապետական կուսակցության մասնակցությունը ընտրություններին իրականում նպաստելու է ժողովրդավարության զարգացմանը երկրում», - նշեց ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավորը:
Նա տեղեկացրեց, որ ռեյտինգային ընտրակարգով դնելու է իր թեկնածությունը Երևանի թիվ 4 ընտրատարածքում, որն ընդգրկում է նաև իր ծննդավայրը՝ Էրեբունի վարչական շրջանը:
«Հույս ունեմ, որ կլինեն մարդիկ, ովքեր կուզենան խորհրդարանում տեսնել քաղաքական գործիչների, որոնք ունեն գործադիր իշխանության, երկիրը ներկայացնելու փորձ, ինչպես նաև փորձ՝ այս իշխանությունների հետ աշխատելու», - ասաց Աշոտյանը:
Նա իր ելույթում նաև անդրադարձավ ՀՀԿ-ի մասնակցելու վերաբերյալ այսօր երկու փոխվարչապետերի՝ Արարատ Միրզոյանի և Տիգրան Ավինյանի հայտարարություններին ու հորդորեց չլինել այդքան ինքնավստահ:
«Մեկը մյուսից ընտիր ելույթ են ունեցել, մեկն ասում է՝ մրցակից չունենք, ՀՀԿ-ն մեզ մրցակից չէ, մյուս փոխվարչապետն ասում է՝ մենք արդեն հաղթել ենք: Տղերք, նորից ասեմ՝ մի կրկնեք իմ ու Շարմազանովի սխալները, մի եղեք այդքան ինքնավստահ, որովհետև կործանումը սկսում է մեծամտությունից, գոռոզամտությունից: Մի արեք դա: Լավ է՝ մի բարեկիրթ նախարար գտնվեց՝ կրթության, գիտության նախարարը, որը ասաց, թե բոլորն են իրենց մրցակից: Ախր եթե գլուխ եք գովում Նիկոլի շուքի, ստվերի տակ, հիշեք՝ եթե ձեր նախընտրական եռյակի առաջին տեղում լինի Նիկոլի ուսապարկը, Նիկոլի «դուխով» կեպկեն՝ 2-րդ, Նիկոլի հազը՝ 3-րդ, դուք, մեկ է, 80 տոկոս ձայն եք հավաքելու: Իմ ռեյտինգային ընտրատարածքում թեկնածություն դնի ոչ թե ֆիզիկական անձ, այլ Նիկոլի սելֆիի ձողը, էլի առաջին տեղն է գրավելու: Էս նիկոլամանիայի պտուղները գտեք, քաղեք, բայց մի թափահարեք: Դուք գուցե ունեք լումա, բայց ոչ այնքան, որ այդ քաղաքական ժառանգությունը վերագրեք ձեզ», - հայտարարեց Աշոտյանը: