13/11/2018 11:52
Առողջական խնդիրներ ունեցող Կարեն Ղազարյանին դատելով՝ Ադրբեջանը փորձում է հավասարության նշան դնել նրա ու Արցախում դատապարտված ադրբեջանցիների միջև. Նաղդալյան
Անհայտ պայմաններում Ադրբեջանում հայտնված, առողջական խնդիրներ ունեցող ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի հանդեպ դատական գործընթաց բեմականացնելով՝ Ադրբեջանը փորձում է հավասարության նշան դնել նրա ու հանցագործություններ կատարած և Արցախում դատապարտված ադրբեջանցիների միջև, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:
«Ի սկզբանե պարզ էր, որ Ադրբեջանի իշխանությունները փորձելու են անհայտ պայմաններում Ադրբեջանում հայտնված ՀՀ քաղաքացու մասնակցությամբ թատերական ներկայացում խաղալ՝ տեսախցիկների առջև նրան ներկայացնելով որպես դիվերսանտի: Բայց նրանց առաջնային սցենարը տապալվեց, քանի որ Կարեն Ղազարյանն ուներ հոգեկան խնդիրներ ու պարտադիր զինվորական ծառայության չէր զորակոչվել: Հայաստանն Ադրբեջանին փոխանցել է Կարեն Ղազարյանի առողջական վիճակի հետ կապված բոլոր ապացուցները միջազգային կազմակերպությունների միջոցով, որոնք, ակնհայտորեն անտեսվել են ադրբեջանական իշխանությունների կողմից», - ասաց Աննա Նաղդալյանն՝ ընդգծելով.
«Դատական գործընթաց բեմականացնելով՝ Ադրբեջանը փորձում է ծանր մեղադրանքով գործում ներգրավվել ակնհայտ առողջական խնդիրներ ունեցող մարդու, որը միջազգային մարդասիրական իրավուքնի կոպտագույն խախտում է: Այս ամբողջ ֆարսը հետապնդում է միայն մեկ նպատակ, այս անմեղ մարդուն ներկայացնել որպես հանցագործ ու հավասարության նշան դնել նրա ու ծանր հանցագործություն կատարած ադրբեջանցիների միջև»: