13/11/2018 12:33
ՀԱՊԿ-ում մշակվում է գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորող իրավական նորմատիվային դաշտ. դրանից հետո կքննարկվի թեկնածուների հարցը. ՀՀ ԱԳՆ
Նոյեմբերի 8-ին Աստանայից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ քննարկումները տեղափոխվեցին դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգ հենց այն պատճառով, որ որևէ կոնեսնսուս չեղավ, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:
«Որոշում է կայացվել դեկտեմբերի 6-ին շարունակել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցի շուրջ քննարկումները: Մինչ այդ՝ զուգահեռ գործընթացով, պետք է մշակվի իրավական նորմատիվ դաշտը, որը կկարգավորի նման իրավիճակները: Այս գործընթացից հետո միայն, կթևակոխենք հաջորդ փուլ», - ասաց Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, արդյոք Հայաստանը դեկտեմբեի 6-ին ներկայացնելու է գլխավոր քարտուղարի պաշտոնի համար որևէ թեկնածություն:
«Մենք ունենք տեսակետներ հարցի լուծման շուրջ, որոնք պարտադիր չէ, որ պետք է համընկնեն մյուս երկրների տեսակետների հետ: Հայաստանը՝ որպես երկիր, որն իր ներդրումն է ունենում կառույցի ամրապնդմանը, կարող է վերահաստատել, որ ունի բավարար ռեսուրս, որպես պետություն՝ ավարտելու գլխավոր քարտուղարի պաշտոնում իր ժամկետը», - ասաց Աննա Նաղդալյանը: