13/11/2018 12:43
Չէի ասի, որ ՀԱՊԿ-ում մեր դիրքերը երերուն են. Արարատ Միրզոյան
Դեկտեմբերի 6-ին սպասվում է ՀԱՊԿ քարտուղարի շուրջ հերթական քննարկումը, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով հարցին, թե ի՞նչ է լինելու դեկտմբերի 6-ին և արդյոք հնարավոր է, որ Հայաստանը կորցնի ՀԱՊԿ-ում քարտուղարությունը։
Դիտարկմանը, թե արդյոք ՀՀ դիրքերը կառույցում երերուն չդարձան Հայաստանի ներկայացուցչին գլխավոր քարտուղարի պաշտոնից հետ կանչելուց հետո, Միրզոյանը նշեց.
«Չէի ասի, որ երերուն են, բնավ չէի ասի։ Եթե դուք տասնյակ հարցերի մասին խոսեք, որոնք առնչվում են Հայաստանին և այդ կառույցի շրջանակում են, ապա դրանից ելելով կարող ենք գնահատել՝ երերուն են ՀՀ դիրքերը կառույցում, թե ոչ։ Եթե նման վերլուծություն անեք, վստահ եմ, որ կտեսնեք՝ երերուն չեն»։
Դիտարկմանը, թե Հայաստանն արդեն իսկ խնդիր ունի ՀԱՊԿ-ում, քանի որ չի կարողանում իր դերակատարումը պաշտպանել, Միրզոյանը հակադարձեց.
«Ո՞վ է ասում՝ չենք կարողանում պաշտպանել։ Արդեն ասացի՝ առնվազն 10 հարցով ցուցանիշ է պետք նայել։ Դուք առանձին հարց եք վերցրել ու ասում եք, որ եթե չստացվի, ապա երերուն ենք դարձել: Եթե ՀԱՊԿ-ում մեր դերակատարումը չենք կարող պաշտպանել, չի նշանակում, որ խնդիր ունենք»։
Անդրադառնալով ՀԱՊԿ գագաթաժողովի ժամանակ Նիկոլ Փաշինյանին ուղղված Բելառուսի նախագահի հայտարարությանը՝ Միրզոյանը նշեց.
«Եղել է քննարկում, կարծիքների բախում, և շատ լավ է, որ տարբեր կառույցներում միշտ կա քննարկում։ Ո՞վ է ասել, որ բոլորը պետք է միակարծիք լինեն, բոլորը տարբեր շահեր են ներկայացնում։ Բնական է, նորոմալ է, որ եղել է քննարում և անհամաձայնություն»։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին Աստանայում ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ Գլխավոր քարտուղարի նշանակումը չի եղել։
Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովը պաշտոնը լքել է նոյեմբերի 2-ին և վերադարձել Հայաստան։ Հիշեցնենք, որ նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի հետաքննության շրջանակում։
Գլխավոր քարտուղարի նշանակման մասին խոսել է Բելառուսի նախագահ Լուկաշենկոն՝ նշելով, որ ոչ ոք մտադրություն չունի նեղացնել Հայաստանին՝ կոչ անելով Նիկոլ Փաշինյանին կարգավորել իրավիճակը կառավարությունում. «Այդ երկիրն այսօր գլխավորում է ԵԱՏՄ–ն, մեր տնտեսական միությունը, և ՀԱՊԿ–ը շատ մեծ բեռ է մի երկրի համար, որը նման անցումային շրջան է ապրում»: