13/11/2018 11:02
Այս պահին անիմաստ է քննարկել կոալիցիա կազմելու հարցը. Նաիրա Զոհրաբյան (Տեսանյութ)
ԲՀԿ-իշխանություններ կոալիցիա կազմելու հարցը այս պահին անիմաստ է քննարկել, լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է, որ ԲՀԿ-ն կոալիցիա կազմի իշխանությունների հետ, եթե Նիկոլ Փաշինյանը կամենա։
«ԲՀԿ օրակարգը որոշում է բացառապես ԲՀԿ-ն։ Այս պահին նման խնդիր ուղղակի անիմաստ է քննարկել, ինչպիսի հետընտրական կոալիցիաներ, պայմանավորվածություններ, զարգացումներ կլինեն, այդ հարցերին իմաստ կլինի անդրադառնալ բացառապես դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո», - ասաց նա։
Նաիրա Զոհրաբյանը չհամաձայնեց այն տեսակետի հետ, որ պայքարը գնում է «Քաղաքացիական պայմանագրի» և Հանրապետականի միջև և ԲՀԿ-ի մասին այս օրերին քիչ է խոսվում։
«Գիտեք, խոսելով չէ, որ որոշվում է ամեն ինչ։ Շատ մարդու մասին շատ բան են խոսում։ Մենք գնում ենք՝ օրակարգում ունենալով մեր քաղաքական և տնտեսական ծրագիրը։ Մեր զրուցակիը լինելու է ՀՀ քաղաքացին, մենք չենք պատրաստվում մարտի բռնվել մնացած քաղաքական ուժերի հետ։ Մենք ուժերին կոչ ենք անում կոռեկտ ընտրության, ով կխախտի կոռեկտության սհամանը, կանցնի ընտրապայքարի համար թույլատրելի կարմիր գիծը, համարժեք պատասխան կստանա», - նկատեց Զոհրաբյանը։