13/11/2018 14:01
Եթե տեսնեք՝ ինչ է տեղի ունենում անշարժ գույքի շուկայում, կտեսնեք, որ հայրենադարձությունը խթանվում է ամեն օր. Նիկոլ Փաշինյան
Հայաստանում անշարժ գույքի շուկայում գների աճը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պայմանավորում է նաև հայրենադարձության ակտիվացման գործոնով:
«Եթե տեսնեք՝ ինչ է տեղի ունենում անշարժ գույքի շուկայում, կտեսնեք, որ հայրենադարձությունը խթանվում է ամեն օր: Մեր երկրում անշարժ գույքի գները աճում են և դա նաև այն պատճառով, որ բազմաթիվ մեր հայրենակիցներ, ովքեր ապրում են արտերկրում, այս օրերին գալիս են և Հայաստանում անշարժ գույք են ձեռք բերում: Գալիս են ու ներդրումներ են անում: Այդ ամեն ինչը լինելու է ներգաղթի շատ կարևոր պատճառ», - այսօր խորհրդարանում 2019 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով դաշնակցական պատգամավոր Ռուզան Առաքելյանի՝ հայրենադրաձության խթանման մասին դիտարկումներին:
Փաշինյանը հստակեցրեց, որ Հայաստանի բնակչության թիվը առաջիկա տարիներին կրկնապատկեlը իրենց կուսակցության ծրագրային դրույթներից է, հետևաբար այդ քաղաքականությունը իրենց համար գաղափարական նշանակություն ունի:
«Բայց մենք հայրենադրաձությունը չենք պատկերացնում տեխնիկական գործողությունների արդյունքում, դա պետք է լինի երկրի բովանդակային բարեփոխումների արդյունք: Ներգաղթի կոնցեպտը հետևյալն է՝ Հայաստանը պետք է դառնա լավագույն տեղը ապրելու համար» - ասաց վարչապետի պաշտոնակատարը:
Նա նկատեց, որ և Լիբանանում, և Ռուսաստանում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ լսել է հայերից, որ մտադրություն ունեն կամ պատրաստվում են վերադառնալ Հայաստան: