13/11/2018 13:29
Պատգամավոր լինեմ-չլինեմ՝ ես Գալուստ Սահակյանն եմ, խոսում եմ այն, ինչի մասին մտածում եմ
ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանը դեռ չի կողմնորոշվել առաջադրվել ռեյտինգային ցուցակով, թե ոչ։
«Դեռևս որոշված չէ: Պետք է առաջադրվենք այնտեղ, որտեղ բնակվում ենք ես և որդիս: Ես շահագրգիռ եմ, որ իմ որդին դնի», -լրագրողների հետ զրույցում Aysor.am-ի հարցին ի պատասխան ասաց Սահակյանը։
Խոսելով գալիք խորհրդարանի կազմի մասին՝ Սահակյանը նշեց, որ քաղաքական ուժերի մեջ փորձառու ուժեր չկան, որոնք կարողանան ընդդիմություն լինել:
«Ես կարծում եմ, որ իր լիարժեք, բազմակողմ բնույթը չի կարող ունենալ այդ խորհրդարանը։ Նրանք, ովքեր այսօր հիմնականում մրցության մեջ են, ցանկանում են զբաղվել քաղաքական գործունեությամբ, բայց քաղաքական գործիչներ չեն», - ասաց նա:
Դիտարկմանը, թե ժամանակին ինքը հայտարարել էր, որ մեծ ընտրազանգված ունի, Գալուստ Սահակյանն ասաց, որ եթե իր թեկնածությունը այլ ընտրական զանգվածում դներ, ապա բոլոր մարզերից ձայներ պիտի ստանար.
«Որովհետև 23 տարի կուսակցության մեջ եմ եղել, դուք էլ նկատած կլինեք, որ բոլորի կողքը կանգնած եմ եղել և աշխատել եմ լուծումներ տալ»։
Ճշտող հարցին՝ ինչո՞վ կազբաղվի, եթե պատգամավորի մանդատ չստանա, Գալուստ Սահակյանն ասաց.
«Տեսնում եք, որ 60 տոկոսը նստած չի խոսում։ Ես պատգամավոր լինեմ, չլինեմ, մի քանի անգամ կրկնել եմ՝ ես Գալուստ Սահակյանն եմ, ես խոսում եմ այն, ինչի մասին մտածում եմ։ Ինձ վրա ոչ ոք ճնշում չի կարող գործադրել»։