13/11/2018 17:41
Ես` միամիտ լոռեցիս, ակնկալում էի, որ Փաշինյանը ծննդյանս օրվան ինձ նվեր կանի. Շարմազանով
Հայաստանը թևակոխում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների փուլ և ակնհայտ է, որ սա ափալ-թափալ, հապճեպ ընտրություններ են, որոնք չեն փաստում քաղաքական համակարգի առողջացման և հավասար հնարավորությունների մասին, այսօր Ազգային ժողովում իր ելույթում ասաց խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Կան գործիչներ, որոնք քննադատում են Հանրապետականին ընտրությունները չբոյկոտելու և Փաշինյանի ապագա իշխանությունը լեգիտիմացնելու համար: Մեկ անգամ չէ, որ նշել ենք, որ այսօր, քան երբևէ, Հայաստանը կանգնած է լուրջ արտաքին և ներքին մարտահրավերների դեմ հանդիման: Այս պայմաններում մենք չենք կարող ընդունել կրավորական կեցվածք, հետևաբար նաև ուրախանալ Փաշինյանի հնարավոր ձախողումներով: Մենք ամեն ինչ անելու ենք՝ դիմակայելու այդ մարտահրավերներին` զերծ պահելով Հայաստանն ու Արցախը հնարավոր վտանգներից, քանի որ հայրենիքի շահը վեր է ամեն ինչից», - ասաց Էդուարդ Շարմազանովը։
Նրա խոսքով՝ Հանրապետականը մասնակցելու է ընտրություններին իրական ընդդիմություն լինելու և երկրորդ բևեռ ձևավորելու նպատակով:
«Մեր երկրին անհրաժեշտ է իրական ընդդիմություն, որ մատնանշի իշխանության թերություններն ու սխալները` զերծ պահելով նրան երկրի համար ճակատագրական սխալներից: Դաս կարող է անել միայն այն ուժը, որը վեց ամիս շարունակ փաստարկված քննադատել է Փաշինյանի կառավարությանը: Իսկ այդ ուժը հանրապետականն է:
Այս վեց ամիսների ընթացքում մենք ականատես եղանք ստերի բացահայտման մի ողջ շարանի: Փաշինյանի խոստացած թռիչքային զարգացման փոխարեն ստացանք տնտեսական աճի տեմպերի նվազում, ներդրումները նվազեցին 11 անգամ` 100 մլն դոլարից հասնելով ընդամենը 9 մլն դոլարի, տեսախցիկներն ու կարմիր գծերը հանելու փոխարեն ստացանք տեսախցիկների ավելացում և կարմիր գծերի պահպանում: Աշխատատեղեր բացելու փոխարեն ստացանք աշխատատեղերի նվազում. Ալավերդում այդ վտանգի առջև կանգնած է շուրջ 600 մարդ: Փաշինյանի խոստացած ժողովրդավարական զարգացման փոխարեն ստացանք ասֆալտին փռելու, ԱԱԾ-ով վախեցնելու, մտածել՝ նոր խոսելու կոչեր: Ազգային և քրիստոնեական արժեքներն ամրապնդելու փոխարեն ստացանք հարձակում՝ Վեհարանի և Վեհափառի վրա, Շուռնուխում համասեռամոլության քարոզ», - ասաց ԱԺ փոխխոսնակն՝ ընդգծելով.
«ՀԱՊԿ-ում մեր դիրքերը ամրապնդելու փոխարեն գոնե այս պահին զրկվեցինք գլխավոր քարտուղարի պաշտոնից, իսկ ես` միամիտ լոռեցիս, ակնկալում էի, որ Փաշինյանը ծննդյանս օրվան ինձ նվեր կանի: Այստեղ ևս ոչինչ չստացանք», - հավելեց Շարմազանովը։