13/11/2018 14:34
«Սասնա ծռերը» ազնիվ են ու հայրենասեր, դրա համար իրենց հետ գնում եմ խորհրդարան. Ստեփան Գրիգորյան (Տեսանյութ)
Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհդրարանական ընտրություններին կմասնակցի «Սասնա ծռեր» կուսակցության համամասնական ցուցակով և կլինի պատվավոր 2-րդը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տարածված տեղեկությունները հաստատեց կուսակցության նախաձեռնող և պատվավոր անդամ Ժիրայր Սեֆիլյանը:
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ «Սասնա ծռեր»-ի համամասնական ցուցակի առաջին համարը լինելու է Վարուժան Ավետիսյանը:
«Առաջին գլխավոր պատճառը, որ ես միացել եմ «Սասնա ծռեր»-ին այն է, որ նրանք ազնիվ են, հայրենասեր: Իսկ դա լավ է, որ քաղաքական դաշտը սկսում են զբաղեցնել ազնիվ, սկզբունքային մարդիկ: Այդ ստերեոտիպը, որ քաղաքական գործիչը պետք է լինի խաղացող, ինտրիգանտ ու իր անձնական հարցերը լուծող, մենք կկոտրենք: Միայն մեկ ուժը կարող է կոտրել այդ մտայնությունը», -այսօր լրագրողների հետ նույն հանդիպմանը ասաց Ստեփան Գրիգորյանը:
Բացի այդ, պատճառը, որի համար ինքը միացել է «Սասնա ծռեր»-ին, նրանց հայտարարությունն է բռնությունից հրաժարվելու մասին: Անդրադառնալով կուսակցության ծրագրին՝ Գրիգորյանը շեշտեց, որ «Սասնա ծռեր»-ը միակ ուժն է, որն ունի հայեցակարգ՝ 300 էջից կազմված:
«Այո, նրանք ունեն և ռազմավարական, և մարտավարական նշանակություն ունեցող ծրագիր և դրա համար էլ ես նրանց հետ եմ», -հստակեցրեց Գրիգորյանը:
Մանրամասն՝ տեսանյութում: