13/11/2018 14:19
Հայկական զինվորական կոնտինգենտ Սիրիա ուղարկելը բացառապես հումանիտար նշանակություն ունի, որի հասցեատերը Սիրիայի հայ համայնքն է. Փաշինյան
Այսօր Ազգային ժողովում 2019 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ Հանրապետական պատգամավոր Արմեն Աշոտյանը օգտագործեց առիթը և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց. «Սիրիա հայկական զինվորական կոնտինգենտ գործուղելու մտադրությունը Ձե՞րն է, թե՞ ՌԴ մեր գործընկերներն են հերթական անգամ խնդրել Հայաստանին»:
Ի պատասխան Փաշինյանն ասաց, որ Սիրիայի հարցում Հայաստանի կառավարության նպատակը աջակցելն է հալեպահայությանը, նրանց խաղաղ կյանք վերադարձնելուն:
Նրա խոսքով՝ հայկական կոնտինգենտ Սիրիա ուղարկելը բացառապես հումանիտար նշանակություն ունի, որի հասցեատերը Սիրիայի հայ համայնքն է, մասնավորապես՝ հալեպահայությունը։
«Նախաձեռնության հետ կապված էլ պետք է ասեմ, որ այդ նպատակը երկար տարիներ ձևակերպվել է թե՛ Սիրիայի հայ համայնքի, թե՛ հայ հանրության, թե՛ ՌԴ-ի կողմից։ Իրականացվել են քննարկումներ՝ թե հումանիտար, թե ականազերծման հարցի շուրջ, որի արդյունքում ծագել է հետևյալ գաղափարը․ քանի որ Սիրիայում գործընթացները փոխվել են, ուստի մենք էլ մեր ներդրումները պետք է ունենանք հալեպահայության համար որոշակի դաշտ ստեղծելու գործում», - ասաց Փաշինյանը։
Արձագանքելով նրան՝ Աշոտյանն ասաց, որ ո՛չ իրեն, ո՛չ հայ հասարակությանը հայտնի և հասանելի չէ Սիրիայի Կառավարության պաշտոնական դիմումը ՀՀ-ին նման առաքելություն իրականացնելու համար։
«Կային մտահոգություններ, որ միջազգային գործընկերների, կամ նրանց մի մասի համար անընդունելի կլինի այսպիսի առաքելության իրականացումը: Ես կարող եմ ասել, որ մենք ունենք ըմբռնում իմ ձևակերպած առաքելության շրջանակներում և մեր բոլոր գործընկերները ըմբռնումով են վերաբերվում մեր ցանկությանը: Մենք կիրականացնենք այդ առաքելությունը ճշգրիտ մեր նկարագրածի շրջանակում և ոչ մի միլիմետր դրանից ավելի», - իր հերթին արձագանքեց Փաշինյանը: