14/11/2018 17:26
Վաղ թե ուշ Ալավերդու պղնձաձուլարանը փակվելու է, բայց դրա հետ համատեղ դիտարկվում են ներդրումային ծրագրեր. Տիգրան Ավինյան
Ալավերդու պղնձաձուլարանի փակման որոշումը փաստի առաջ կանգնեցրեց շուրջ 650 աշխատողի, ովքեր իրենց աշխատանքը կորցնելու եզրին են, ԱԺ-ում հարց-պատասխանի ժամանակ ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Արմենուհի Կյուրեղյանը:
«Եթե հաշվի առնենք նաև վերջերս Թեղուտի հանքավայրի 1200 աշխատակիցների աշխատանքային պայմանագրերի լուծարումը, ստացվում է, որ ավելի քան 1800 աշխատակից կորցրել է Ալավերդու տարածաշրջանում իրենց աշխատանքը, հետևաբար իրենց ընտանիքները պահելու միջոցներից են զրկվում, նրանց աշխատավարձից օգտվող վճարովի ծառայություններ մատուցող շատ կազմակերպություններ են իրենց հնարավորությունները կորցնում: Շատ լուրջ խնդիր է առաջանում ամբողջ Ալավերդու շրջանում», - ասաց պատգամավորը:
Կյուրեղյանն ընդգծեց, որ հարցի քննարկումների ժամանակ հնչել են կարծիքներ, որ պղնձաձուլարանի փակման մեջ վճռորոշ դեր է ունեցել կառավարության պահանջը՝ ապահովել բնապահպանական նորմերը՝ միջազգային շատ բարձր չափորոշիչների պահանջով և ղեկավարությունը հայտնել է այն միտքը, որ իրենք պատրաստ չեն կարճ ժամանակում այդ մեծ չափորոշիչներով բնապահպանության նորմերն ապահովել:
Պատասխանելով հարցին՝ ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը նշեց, որ պնղձաձուլարանը փակելու մասին վերջնական քննարկում չի եղել և այս պահին ընթանում են քննարկումներ Ալավերդու պղնձաձուլարանի, Թեղուտի և ռուսական ՎՏԲ բանկի հետ համատեղ. «Այստեղ ընդհանուր խնդիր է, որը կապված է Թեղուտի խնդրի հետ: Այդ բանակցություններում կառավարությունը ակտիվ դեր է ստանձնել», - նկատեց նա:
Ավինյանն ընդգծեց, որ պղնձաձուլարանի հարցը չեն կարող դիտարկել միան աշխատատեղերի տեսանկյունից, որովհետև այն ոչ միայն միջազգային, այլև տեղական ստանդարտներով մեծ չափով աղտոտում է շրջակա միջավայրը.
«Վաղ թե ուշ պղնձաձուլարանը ընդհանուր առմամբ փակվելու է, բայց դրա հետ համատեղ դիտարկվում են ներդրումային ծրագրեր: Այս պահին քննարկվում է շատ ավելի մեծ պղնձաձուլական կոմպլեքսի կառուցումը, որը տարեկան 100 հազար տոննա խտանյութ է կարողանալու մշակել: Այս պահի դրությամբ չկա վերջնական որոշում և կառավարության կողմից նման պարտադրանք չկա, կան բանակցություններ, որոնք ընթանում են ու վստահեցնում եմ, որ դրանք կգան որոշակի տրամաբանական եզրահանգման ու կբերեն որոշակի լուծումների», - ասաց Ավինյանը:
Խոսելով հանքերի ռեկուլտիվացիայի մասին՝ փոխվարչապետի պաշտոնակատարը ասաց, որ Թեղուտի հանքի ռեկուլտիվացիայի հարց չի քննարկվում.
«Քննարկվում է Թեղուտի հանքի վերաշահագործման, նոր օպերատորի ներգրավվման հարցը, և այս հարցում նույնպես մենք բանակցում ենք ռուսական ՎՏԲ-ի հետ և այդտեղ նույնպես, կարծում եմ, կգտնվի նոր օպերատոր», - եզրափակեց նա: