14/11/2018 12:40
Ընտրությունների համար ԵՄ-ն՝ 1.5 մլն, Միացյալ Թագավորությունը՝ 0.5 մլն ֆունտ ստերլինգ կտրամադրեն Հայաստանին
Ի պատասխան ՀՀ կառավարության պաշտոնական դիմումի՝ Եվրոպական միությունը, Գերմանիայի, Միացյալ Թագավորության և Շվեդիայի կառավարությունները համաձայնել են աջակցություն տրամադրել Հայաստանում դեկտեմբերին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը:
Այսօր ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, Հայաստանում Գերմանիայի դեսպանը, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանը, Շվեդիայի դեսպանության գործերի հավատարմատարը ու ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչը ստորագրեցին փաստաթուղթ՝ պաշտոնապես հայտարարելով ՄԱԶԾ-ի կողմից իրականացվելիք ընտրական գործընթացների աջակցության ծրագրի մեկնարկը:
«Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագիրը միտված է օժանդակել Հայաստանի իշխանություններին՝ անցկացնել վստահելի ու թափանցիկ ընտրությոններ, ինչպես նաև ամրապնդել Հայաստանի ընտրական մարմինների կարողությունները:
Ծրագիրը ֆինանասավորվում է ՀՀ կառավարության, ԵՄ-ի, Գերմանիայի, Միացյալ Թագավորության և Շվեդիայի կողմից՝ համապատասխանաբար 0,7 միլիոն դոլլար, 1,5 միլիոն եվրո, 0,7 միլիոն եվրո, 0,5 միլիոն ֆունտ ստերլինգ և 1,5 միլիոն շվեդական կրոն դրամական օժանդակությամբ:
Ծրագրի թիրախում են հետևյալ հիմնական ոլորտները՝ ապահովել 2017-ի ընտրություններին ներմուծված ընտրողների նույնականացման սարքերի շարունակական կիրառումը, ապահովել քվեարկության օրն ընտրատեղամասերի և քվեարկության արդյունքների ամփոփման ուղիղ հեռարձակումը՝ 2000 ընտրատեղամասերից շուրջ 1500-ում վեբ տեսանկարահանման սարքեր տեղադրելու միջոցով, բարելավել ընտրողների գրացնման գործընթացն ու ընտրողների իրազեկումը՝ ուսուցման նոր մոդուլների մշակման և գոյություն ունեցող ուսուցման ձեռնարկների թարմացման գործում ԿԸՀ-ին աջակցելու միջոցով նպաստել ընտրական գործընթացի վերաբերյալ կանանց ու երիտասարդ ընտրողների իրազեկության մակարդկաի բարձրացմանը: