14/11/2018 13:13
Ընդդիմություն կլինեն բոլոր նրանք, ովքեր չեն լինի նոր ձևավորվող կառավարությունում. Արարատ Միրզոյան
«Իմ քայլը» դաշինքի ցուցակում տարբեր գործիչներ կան, ովքեր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ չեն, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը:
Նա, սակայն, չցանկացավ անուններ հրապարակե` խորհուրդ տալով սպասել մինչև 14:00-ը, երբ ցուցակները ԿԸՀ կտանեն:
«Կան մարդիկ, ովքեր գործող խորհրդարանի տարբեր ֆրակցիաների անդամներ են», - նշեց Ա. Միրզոյանը:
Արարատ Միզրոյանն ասաց, որ ինքն առաջադրվելու է Թիվ 3 ընտրատարածքում, որտեղից նախորդ անգամ ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր:
Անդրադառնալով մամուլի հրապարակումներին, ըստ որոնց՝ Նիկոլ Փաշինյանին դուր չի եկել ընտրացուցակն ու նա պատռել է այն, Արարատ Միրզոյանն ասաց, թե չի եղել նման բան:
Հարցին, թե ո՞ր ուժին կհամարեն իրենց ընդդիմություն, ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատարն ասաց, թե ընդդիմություն կլինեն բոլոր նրանք, ովքեր չեն լինի նոր ձևավորվող կառավարությունում: