14/11/2018 16:20
Անում եք, որ վրեժխնդիր լինեք ու խնդիրներ առաջացնեք իշխանության համար. Ալեն Սիմոնյանը՝ ՀՀԿ-ական պատգամավորների առաջարկած նախագծի մասին (Տեսանյութ)
«Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը ՀՀԿ-ական պատգամավորներ Սամվել Ֆարմանյանի և Միհրան Հակոբյանի առաջարկած նախագիծը՝ ուղղված «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքը ուժը կորցրած ճանաչելուն, համարում է ներկա իշխանությունից վրեժ լուծելու ծրագիր:
Սիմոնյանը քննադատեց Ֆարմանյանին՝ նախագիծն այսքան ուշ ներկայացնելու համար՝ նշելով.
«Ո՞ւր էր պարոն Ֆարմանյանը մինչև հեղափոխությունը: Նա չէր կարո՞ղ մոտենալ իր գործընկերներին, համոզել, քննարկել, որովհետև ինչպես արդարացիորեն նշել է պարոն վարչապետը, այս ոլորտի մի մեծ կտոր դրված է եղել բյուջեի մեջ: Մարդը գնացել է 5000 դրամ խաղացացել է, 10 000 շահել է, նորից է դրել, դա տնտեսական աճ են ցույց տվել: Բա էդ վախտ ո՞ւր էիք պարոն Ֆարմանյան, էդ վախտ էդ ընտանիքներն ո՞ւր էին, էդ կործանվող հասարակությունն ո՞ւր էր: Ձեզ իրենք հետաքրքի՞ր չէին էդ վախտ: Հիմա դա արվում է, որպեսզի վրեժխնդիր լինեք, խնդիրներ առաջացնեք այս իշխանության և բյուջեի համար», - ասաց Սիմոնյանը:
Ըստ պատգամավորի՝ նման արգելք չի կարող մտցվել նաև այն պատճառով, որ ոլորտում շուրջ 4000 IT ոլորտի ներկայացուցիչներ կան, որոնք տարբեր ծրագրեր են գրում, նաև արտահանում են այդ ծրագրերը: Սիմոնյանը նշեց, որ օրենքը ուժը կորցրած ճանաչելու փոխարեն իրենք այդ ոլորտի կարգավորման համար նախաձեռնությամբ են հանդես եկել, որին միացել են նաև գործընկերներ «Ծառուկյան» ու ՀՅԴ խմբակցություններից:
Սիմոնյանը նաև նկատեց, որ այս նախաձեռնությունն անհնար է, քանի որ «ինտերնետի դարում» հնարավոր չէ այդքան կայքեր փակել. «Չես կարող արգելել որևիցե մեկին ինտերնետ կայք ունենալ»: