14/11/2018 15:58
«Վիվառոներն» ու «տոտոները» ՀՀ-ում քաղցկեղ են. դրանց գործունեությունը պետք է օրենքով արգելել. Ֆարմանյան
Տարատեսակ «վիվառոներն» ու «տոտոները» ՀՀ-ում քաղցկեղ են, չարիք են և դրանց գործունեությունը պետք է օրենքով արգելել,ԱԺ-ում «Վիճակախաղերի մասին ՀՀ օրենքը ուժը կորցրած ճանաչելու և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծերի ներկայացման ժամանակ ասաց հարցով հիմնական զեկուցող ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:
Նախագծով առաջարկվում է ՀՀ-ում օրենքով արգելել ինչպես տեղական, այնպես էլ միջազգային բուքմեյքերական ընկերությունների գործունեությունը, գրասենյակներն ու վիրտուալ տիրույթում հարթակները:
Ֆարմանյանն ընդգծեց, որ նախագծին համաձայն է հասարակության գերակշիռ մեծամասնությունը՝ 99.9 տոկոսը, անգամ Նիկոլ Փաշինյանն է կողմ դրանք վերացնելուն:
Պատգամավորը մտահոգություն հայտնեց առ այն, որ նման խաղերը ծաղկում են ապրում հատկապես այն երկրներում, որտեղ ապրուստի միջոցները քիչ են: Նրա խոսքով՝ Հայաստանը ևս մտնում է այդ երկրների ցանկի մեջ, բացի այդ էլ այստեղ տոտալիզատորների մատչելիությունը բացառիկ է՝ 100 տոկոս:
Ֆարմանյանը նաև նկատեց, որ իրեն հարգող պետությունը չի կարող պետությունը տնտեսական աճի հիմքում տեղադրել վիճակախաղերից ստացած արդյունքը. «Սա անարգանք է սեփական ժողովրդի նկատմամբ»: